Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը կարեւոր նախագիծ է անվանել, որին Եվրոպան կցանկանար մասնակցել։ Սակայն նա նշել է, որ դա նաեւ փոխադարձություն է պահանջում Պեկինից, տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք որպես եվրոպացիներ, ցանկանում ենք ակտիվ դեր խաղալ (նախագծում), եւ դա պետք է հանգեցնի որոշակի փոխադարձության, եւ մենք դեռեւս մի փոքր վիճում ենք այս առիթով»,- ասել է Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ Փարիզում  բանակցություններից հետո։

Նշենք, որ Սի Ցզինպինի Հռոմ այցելության ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանն Իտալիայի միանալու առթիվ։ Հունաստանը եւ Լեհաստանը նույնպես միացել են նախաձեռնությանը, բայց ԵՄ մյուս անդամները երկյուղներ ունեն, որ դա կարող է հանգեցնել Պեկինի ազդեցության ուժեղացմանը մայրցամաքի քաղաքականության վրա։

Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտի» եւ «XXI դարի Ծովային մետաքսի ճանապարհ» միավորված նախագծերն են։ Նախաձեռնության նպատակն է Չինաստանի մասնակցությամբ միջազգային համագործակցության եւ զարգացման որոնման, ձեւավորման եւ առաջմղման նոր մոդելի առաջմղումը գործող փոխգործակցության տարածաշրջանային երկկողմ եւ բազմակողմանի մեխանիզմների ու կառույցների օգնությամբ։  Հին Մետաքսի ճանապարհի ոգու շարունակման եւ զարգացման հիման վրա «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» կոչ է անում մշակել տարածաշրջանային տնտեսական գործընկերության նոր մեխանիզմներ, խթանել ներգրավված երկրների տնտեսական բարգավաճումը, ամրապնդել տարբեր քաղաքակրթությունների մշակութային փոխանակումները եւ կապերը բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ աջակցել խաղաղությանն ու կայուն զարգացմանը։ Պաշտոնական տվյալներով՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծն ընդգրկում է Եվրասիայի մեծ մասը՝ միավորելով տարբեր երկրներ, այդ թվում «նոր տնտեսություններ» եւ զարգացած երկրներ։