Այսօր՝ մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 12: 00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի և Արամվիրի բաժիններ ահազանգեր են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի մարզի գերեզմանոցներից մեկում փորձում է ինքնասպան լինել:

Մեծ թվով ոստիկաններ սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել Արմավիրի, Վաղարաշապատի եւ հարակից գյուղերի գերեզմանատներում: Ի վերջո, հաջողվել է պարզել, որ այդ քաղաքացին Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչ 43-ամյա Ռաշիդ Ամոյանն է։ Նա հրավիրվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Ըստ աղբյուրի՝ Ռ. Ամոյանը փորձել է թունաքիմիկատով ինքնասպանություն գործել։ Նա ոստիկաններին հայտնել է, որ ստիպված է դիմել այդ քայլին, քանի որ այս տարվա հունվարին Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի համայնքապետ Գագիկ Սարգսյանը, առանց իր և իր հարազատների համաձայնության, վաճառել է իրենց ընտանեկան գերեզմանատան մի մասը, ինչից հետո մեկ այլ քաղաքացի այնտեղ հուղարկավորել է իր ազգականին:

Վաղարշապատի ոստիկանությունում Ռ. Ամոյանը գյուղապետի դեմ բողոք է ներկայացրել՝ հայտարարելով, որ նա չարաշահել է պաշտոնական լիազորությունները:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: