Դատախազությունը մանրամասն ուսումնասիրում է իրավական գնահատականի կարիք ունեցող բոլոր հայտարարությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Պատասխանելով այն հարցին, թե նախօրեին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել էր տարածքների փոխանակման ինչ-որ ծրագրի մասին, դատախազությունը ուսումնասիրո՞ւմ է արդյոք նման հայտարարությունները, Դավթյանը վստահեցրել է, որ հասարակությանը հասանելի աղբյուրներում հրապարակված բոլոր հայտարարությունները մանրամասն ուսումնասիրվում են։ Դա վերաբերում է նաեւ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտարարություններին (օրերս հանդես էր եկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքներով)։

Ինչ վերաբերում է վաղեմության ժամկետ ունեցող հանցագործությունների վերաբերյալ հաղորդագրություններին, Դավթյանը նշել է, որ խոսքը նյութերի պատրաստման մասին է, որի վրա վաղեմության ժամկետը տարածվում է։ Ինչպիսին կլինեն հետագա գործողությունները, ժամանակը ցույց կտա։