Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ հանդիպումը դրական էր եւ կարելի է արձանագրել, որ սկսվել է խոսակցություն, երբ կողմերը կարող են արտահայտել իրենց պատկերացումները, քննարկել իրենց օրակարգերն ու խնդիրները։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ավստրիայում ՀՀ դեսպանատանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքներին։

«Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում մեր այսօրվա հանդիպումը, չեմ կարող ասել, թե տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց շատ կարեւոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր պատկերացումների, մեր խնդիրների մասին եւ խոսել այն գործընթացի մասին, որի մասին ես առիթ ունեցա հայտարարելու Ստեփանակերտում եւ հետագայում նաեւ իմ ունեցած ասուլիսի ընթացքում»,- ասաց Փաշինյանը։

Այս հանդիպմանը, սակայն, հաղթող եւ պարտվող չի եղել, ընդգծեց Փաշինյանը․ «Մի այսպիսի կարեւոր նրբության անդրադառնանք․ երբ ասում եմ՝ հանդիպումը գնահատում եմ դրական, դա չի նշանակում ինչ-որ մեկի պարտություն կամ հաղթանակ։ Սա շատ կարեւոր է ընդգծել։ Ընդհանրապես մինչեւ հիմա շատ ընդունված է եղել այդպիսի տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին եւ անընդհատ փորձել գալ այն եզրակացության, թե երկու հոգի հանդիպեց, ուրեմն՝ ով հաղթեց, ով պարտվեց։  Ընդ որում, այդպես եղել է Դուշանբեում մեր հանդիպման ընթացքում, Սանկտ Պետերբուրգում ընթացած քննարկումների ժամանակ եւ Դավոսի քննարկան ընթացքում եւ այսօր։ Այս խոսակցության կարեւոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ եւ հայտարարել, որ ես հաղթեցի, դիմացինը պարտվեց»։

Փաշինյանը կարեւոր արձանագրում համարեց այն, որ կողմերը գիտակցում են խնդրի բարդությունը․ «Սկսվել է խոսակցություն, եւ այդ խոսակցության մեջ բնականաբար կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները, բնականաբար այս կոնֆլիկտն ունի շատ խոր արմատներ։ Եվ առաջին հերթին կարծում եմ ամենակարեւոր արձանագրումը պիտի լինի այն, որ մենք հասկանում ենք, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք, սա շատ լուրջ խնդիր է, սա շատ խոր պրոբլեմ է»։

Այնուհետեւ, Փաշինյանը ներկայացրեց այն ակնկալիքները, որ կարելի է ունենալ Ալիեւի հետ սկսված խոսակցությունից․ «Ես կարեւոր եմ համարում, որ լինի մթնոլորտ, որտեղ մենք կարողանանք բարձրաձայնել իրար համար, թե ինչ ենք մտածում, կարո՞ղ ենք արդյոք խոսել, կարո՞ղ ենք արդյոք արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որի հիմքում չլինի իրար վնասելու կանխավարկածը, կարո՞ղ ենք արդյոք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լինի կայուն իրավիճակ, կարո՞ղ ենք արդյոք սկսել խոսակցություն, որ, օրինակ, սահմանամերձ գյուղերը ապրեն բնականոն կյանքով, կարողանան զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով՝ առանց մտավախության, թե դիպուկահարները իրենց կոչնչացնեն, կարո՞ղ ենք արդյոք մտածել, թե ինչ հումանիտար ասպեկտներ կան, որ կարող ենք քննարկել, օրինակ՝ երկու կողմերում կան քաղաքացիներ, եւ եթե հիմա ի վիճակի չենք փոխանակման որոշակի գործընթացներ հարուցել, կարո՞ղ ենք արդյոք մտածել, որ փորձենք ընտանիքների համար տեսակցություններ կազմակերպել, կարո՞ղ ենք արդյոք մենք հանձնարարել մեր ԱԳ նախարաներին, որպեսզի նրանք շարունակեն այս խոսակցությունը։ Պարզ է, որ ամեն մեկս ունենք մեր դիրքորոշումները, խորապես համոզված ենք մեր դիրքորոշումներում, բայց կարո՞ղ ենք սկսել ոչ միայն խոսել ամեն մեկս մեր դիրքորոշնան մասին, այլեւ փորձել խոսել նաեւ դիմացինի դիրքորոշման մասին՝ ի՞նչն է, որ դիմացինի դիրքորոշման մեջ տրամաբանական է, ի՞նչն է, որ տրամաբանական չէ»։

Փաշինյանը ընդգծեց, որ այս ամենը նկատի ունենալով է հանդիպումը դրական գնահատել, եւ ասաց՝ «հույս ունեմ մեր գնահատականները (իր եւ Ալիեւի՝ խմբ․) առնվազն տեսանելիորեն եւ շոշափելիորեն իրարից չեն տարբերվի»։