Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետեւ, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որեւէ այլ բան մտածի ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի:

Սա որեւէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարեւորությունը:

Հարցին, թե այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել վարչապետի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման եւ ենթակայության ներքո»,-հայտարարեց վարչապետը:

Փաշինյանն անդրադարձել է նաեւ բանակցային գործընթացին՝ նշելով. «Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր հետեւյալը. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց: Ոչ մի բան չի զիջվելու: Հնարավոր են կոմպրոմիսներ»: Նա նաեւ հավելել էր, որ Հայաստանը ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները. «Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»: