ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագաությամբ այսօր` ապրիլի 3-ին մեկնարկեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի դատավճռի դեմ դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: NEWS.am- ի թղթակիցը հայտնում է, որ դատարանում ոստիկաններն ուժեղացված հսկողություն են իրականացնում:

Նշենք, որ գործով  արդարացված Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը, ով առաջին ատյանի դատարանում անվասայլակով էր մասնակցում գործի քննությանը, Վերաքննիչ դատարան էր եկել առանց անվասայլակի:  Նշենք, որ մեղադրանքը դատարանում ներկայացնում է Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը, ով առաջին անգամ է, որպես մայրաքաղաքի դատապազ դատարանում բողոք ներկայացնում:

Նա Վերաքննիչից պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելայնի եւ Արմեն Գասպարյանի վերաբերյալ դատավճիռը: Բաղդասարյանը պահանջում է ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 38-112 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով, ամբաստանյալ Արմեն Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 335 հոդ. 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:

Հիշեցնենք,  որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ 2018թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով՝ գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկ, որ մեղադրվում էր  միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելուն օժանդակելու համար, արդարացվեց, անմեղ հայտարարվեց եւ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը մեղավոր ճանաչվեց խմբի կազմում միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար եւ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներման կիրառմամբ ազատ արձակվեց պատժի կրումից,  իսկ Ալիկ Բանդուրյանի թիկնապահը՝  «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանը, որ մեղադրվում էր  առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու համար, արդարացվեց։