Շատ կարևոր է հստակեցնել ապրիլի 4 օրվա ընթացք և հետագա ընթացք հասկացությունները: Այս մասին Tert.am-ի   հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ քանի կորուստ է ունեցել հայկական զինված ուժերը:

«Զոհերի թիվը նշելիս պետք է ֆիքսվել առաջին 4 օրվա վրա, որովհետև մարտերի ծանրությունը եղել է 4 օրվա ընթացքում: Եթե մենք հետագա օրերի կորուստները սկսենք հաշվել, այդպես կարող ենք հաշվել ամբողջ տարվա կորուստները: Այս երեք տարում լարվածության ամպլիտուդ էր լինում, դիվերսիա էր լինում, երկու-երեք զոհ էինք ունենում, նորից իջնում էր:

Դրա համար, եթե ասում ենք ապրիլյան զոհեր, ճիշտ կլինի ֆիքսվենք առաջին 4 օրվա վրա, իսկ եթե 4 օրվա կորուստներն ենք ֆիքսում, ապա 4 օրվա կորուստը կազմում է 75 մարդ՝ 61 զինծառայող, ուզում եմ կարևորել, որ նրանցից կեսը սպաներ են եղել, 12 աշխարհազորային, 2 պահեստազորային: Աշխարհազորայինն ու պահեստազորայինը զինծառայողներ չեն, բայց գալիս էին, որ մտնեն զինծառայության մեջ, բայց շատերը չէին էլ հասցրել մտնել ծառայության մեջ»,- ասաց նա և հավելեց, որ ունեցել ենք նաև 4 քաղաքացիական զոհ՝ մեկ երեխա և երեք ծերունի:

Արծրուն Հովհաննիսյանը կոչ արեց, որ մարդիկ մի քիչ զուսպ լինեն մարդկային կյանքերի, զոհերի մասին արտահայտվելիս: «Ասում են՝ հարյուրավոր զոհեր են եղել, չի կարելի այդպես»,- նշեց նա:

Ճշտող հարցին՝ առաջին 4 օրերին վիրավորվածները և հետագայում մահացածներն էլ են հաշվվում այդ 75 զոհերի մեջ, նա պատասխանեց. «Բարեբախտաբար, այդպիսի մեծ թիվ չունենք: Դա չեմ կարող ասել, որովհետև մարդ կա՝ ահագին ուշ է մահացել»:

Դիտարկմանն էլ, գուցե վիրավորների և հետագայում մահացածների թիվն էլ հետն են մարդիկ նշում, որ հարյուր զոհ ենք ունեցել, Հովհաննիսյանն արձագանքեց. «Եթե շատ լայնացնենք, բոլոր պատճառները, վթարները հաշվենք, այդ դեպքում էլ սխալ է ասել՝ հարյուրավոր զոհեր ունենք: Այդ բոլոր դեպքերը հաշվելով էլ՝ 102 զոհ + 4 քաղաքացի: Պետք է ճշգրիտ խոսել, այն էլ զոհերի մասին: Եթե ասվի 106 մարդ, ես կհասկանամ դա, բայց ասում են՝ հարյուրավոր մարդիկ են զոհվել»:

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև սոցիալական ցանցում շրջանառվող այն լուսանկարին, որտեղ երևում է, թե ապրիլին ունենք 140 զոհ: «Միգուցե, այդ նկարը ոչ միտումնավոր է շրջանառվում. եթե մենք 16 թվի բոլոր զոհերն ենք հաշվում, այդ նույն սկզբունքով ինչո՞վ են մեղավոր 15 թվականի զոհվածները, որ այդպես նրանց նկարները չենք տարածում»,- եզրափակեց նա: