Երկարատեւ հիվանդությունից հետո 88 տարեկանում մահացել է խորհրդային եւ ռուս կինոռեժիսոր Գեորգի Դանելիան, հայտնում է «Նովայա գազետան»՝ վկայակոչելով ռեժիսորի ընտանիքին:

Գեորգի Դանելիային թոքաբորբով հոսպիտալացրել էին փետրվարին: Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, բժիշկները նրան ժամանակավորապես դրել էին արհեստական կոմայի մեջ, որպեսզի շնչառությունը կարգավորեն:

Գեորգի Դանելիան ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Թբիլիսիում, բայց մեկ տարի հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Նա 50-ական թվականներին ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը եւ ճարտարապետ աշխատել Քաղաքների նախագծման ինստիտուտում:

1959 թվականին Դանելիան ավարտել է «Մոսֆիլմին» կից Բարձրագույն ռեժիսորական դասընթացը՝ Միխայիլ Կալատոզովի արվեստանոցում, որից հետո կինոստուդիայում սկսել է աշխատել բեմադրող-ռեժիսոր:

1960 թվականին նկարահանվել է նրա «Սերյոժա» դեբյուտային կինոնկարը՝ Վերա Պանովայի նույնանուն վիպակի հիման վրա: Ֆիլմը Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում Գրան պրիի է արժանացել: