Ո՞վ է մեղավոր: Ի՞նչ անել: Հարցրել են ժամանակին դասականները, եւ մենք եւս հարցնում ենք՝ ո՞վ է մեղավոր հայկական ճանապարհներին «բեսպրեդելի» համար եւ ի՞նչ անել:

Այն, որ իրավիճակը սարսափելի է, աքսիոմ է. այստեղ ապացուցելու ոչինչ չկա: Արագության գերազանցում, բոլոր հնարավոր կանոնների եւ անգամ սովորական խելամտության արհամարհում, հանդիպակաց երթեւեկություն եւ այսպես շարունակ. այդ ամենը, ցավոք, նորմա է դարձել, այլ ոչ բացառություն:

Խնդիրն ունի մի քանի պատճառ: Առաջինը մեծաքանակ «վարորդներն» են, որոնք առհասարակ տեղյակ չեն ճանապարհային երթեւեկության կանոնների մասին, պարզապես քանի որ դասընթացների չեն մասնակցել, քննություն չեն հանձնել, այլ ուղղակի կաշառել են: Անձամբ ինձ հայտնի որոշ դեպքերում վարորդական իրավունքը նվեր էին ստացել: Այս իրավիճակը հիշեցնում է մի վրացական անեկդոտ. Գիվիին մեղադրում են, որ նա գնել է դիպլոմը, իսկ Գիվին նեղացած ասում է՝ «եթե վրացի, ապա գնե՞լ է, ինչո՞ւ: Նվիրել են»:

Ի դեպ, վարորդների մեծամասնության անգրագիտության մասին վկայում են մեկնաբանությունները ոլորտային ֆորումներում:

Խելամտության մասին: Օրերս ոստիկանությունը հայտնել էր քաղաքում դրիֆթինգ կազմակերպած վարորդի մասին: Դատելով տեղի ունեցածից՝ հայրիկն իր որդուն ապահովել էր շատ լավ ավտոմեքենայով, իսկ նա զվարճանում էր ընկերների հետ: Մեկը պահպանում է սահմանները, մեկ ուրիշն էլ՝ զվարճանում քաղաքում: Բայց սա առանձին թեմա է:

Ավելի վաղ ոստիկանները սուղ ժամկետներում հայտնաբերել էին քաղաքային ավտոբուսի վարորդին, որը կրճատել էր ճանապարհը՝ երթեւեկելով հանդիպակաց ուղղությամբ: Եւ նկատեք, որ ոստիկաններին բոլոր տվյալները տրամադրել էին սոցիալական ցանցերը: Այսինքն՝ օգտատերերը՝ սովորական քաղաքացիները, տեսնում են տեղի ունեցող անօրինությունը, իսկ կարգուկանոնի պահապանները՝ ոչ: Հաճախ խախտումներ են կատարվում անմիջապես ոստիկանների աչքի առաջ, եւ կրկին առանց որեւէ հետեւանքի:

Մինչ քաղաքակիրթ աշխարհի ուրիշ երկրներում հսկողության նորանոր տեխնիկական միջոցներ էին իր հայտ գալիս, Հայաստանում փորձում էին չեղարկել տեսախցիկները, սակայն մտափոխվել էին կարգապահ վարորդների ճնշման ներքո, որոնց զայրացնում էր անկարգապահ վարորդների վարքը:

Ճանապարհներին «բեսպրեդելը» խորացնելու հարցում հսկայական դեր է ունեցել վարորդների համաներումը: Փաստարկները, որ մարդիկ դժվարությամբ էին վճարում հսկայական տուգանքները, քննադատությանը չեն դիմանում: Քանի որ վարորդին «հաջողվել էր» կուտակել այդչափ տուգանքներ, իսկ մարել չի կարող, ավելի խելամիտ է դադարեցնել նրա վարորդական իրավունքի գոծողությունը՝ միաժամանակ նրան հնարավորություն ընձեռելով վերահանձնել քննություններն ու վերականգնել իրավունքը: Սակայն իշխանություններն ընտրել էին այլ ուղի՝ ճանապարհային երթեւեկության որոշ մասնակիցների շրջանում ստեղծելով անպատժելիության պատրանք:

Իր լուման ունեն չմտածված գծանշումները, դրանց բացակայությունը, ինչպես նաեւ նշանների եւ գծանշումների համադրությունը: Այսպես, առավել հաճախ բողոքարկված «խախտումներից» մեկը «կարմիր գծերի» տարածքում կայանում է՝ «կայանումն արգելված» է նշանի ներքո:

Գծանշումների բացակայության մասին: Պարզ է, որ գծանշումների թարմացումը պահանջում է լրացուցիչ ծախսեր: Սակայն փաստը, որ երեկոյան կամ անձրեւային եղանակին բազմաթիվ բանուկ փողոցներում չեն երեւում բաժանարար գծերը, պետք է անհանգստացնի ճանապարհային ոստիկանությանը:

Սեկցիաների միջոցով երթեւեկությունը թեթեւացնելու փորձերը զավեշտալի կթվային, եթե այդքան վտանգավոր չլինեին: Խաչմերուկ դուրս գալով՝ վարորդը մտովի պատկերացնում է հետագիծն իր շարքում հայտնվելու համար: Սակայն ոչ սեկցիաների դեպքում: Այստեղ հայտնվում եք անմիջապես հանդիպակաց գոտում: Չմտածված գծանշումների եւս մեկ դեպք՝ էստակադների վրա, որտեղ հատվում են երթեւեկության հոսքերը: Առավել հնարամիտ վարորդները, որպես կանոն, առանց միացնելու շրջադարձի ազդանշանը,  «մուտք են գործում» երկրորդ շարքից՝ օգտվելով համապատասխան սահմանափակումների բացակայությունից եւ այդկերպ լրջորեն վտանգելով իրենց եւ մյուսներին:

Վերոնշյալի ապոթեոզը «Սանիթեք» ընկերության կողմից ցերեկային ժամերին իրականացվող աշխատանքներն են: Այո, ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենաների հոսքին զուգահեռ մաքրուհիները ավլում են երթեւեկելի մասը: Մենք մաքրության կողմնակից ենք, սակայն ոչ այդ գնով: