ՌԴ «Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի» (АПКИТ) և «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Երևանում մեկնարկել է «IT-SUMMIT 2019»  համաժողովը։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանլրատվական ծառայությունից, մեր երկրում են գտնվում IT ոլորտի 150-ից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ղեկավարներ ու մասնագետներ, պետական կառույցների պաշտոնյաներ։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարն անդրադարձել է բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությանը, կարևորել առաջիկայում ձևավորվող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ստեղծելու գործընթացը։ Նա ընդգծել է, որ մշակվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի նոր քաղաքականություն՝ զարգացման նոր էկոհամակարգով և թվայնացման օրակարգով, ինչը նոր մակարդակի և հիմքերի վրա կդնի Հայաստանում զարգացող բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։

Համաժողովում ելույթ է ունեցել նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։ Նա ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած ներուժն ու զարգացման հնարավորությունները, ընդգծել, որ ոլորտի արագ առաջընթացի համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում, ինչին և ուղղված է ՀՀ կառավարության տեսլականը։

Ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլևի խոսքով՝ Հայաստանն այն երկրներից է, որը կարողացել է պահպանել ՏՏ ոլորտի մասնագետներին, ինչն անչափ կարևոր պայման է համագործակցություն կառուցելու համար։ «IT-SUMMIT»-ը Երևանում երկրորդ անգամ անցկացվելով՝ այս տարի հնարավորություն է ընձեռվել հայկական ՏՏ ընկերություններին, ստարտափերին և այլ նախաձեռնություններին «АПКИТ» ասոցիացիայի անդամներին և հյուրերին ներկայացնելու հայկական առաջադեմ մշակումները, գիտական հետազոտությունների արդյունքները և լավագույն գործնական լուծումները։

«IT-SUMMIT'2019»-ը հնարավորություն կտա երկու երկրների ոլորտի մասնագետներին մեկ միջոցառման ընթացքում ծանոթանալու տարատեսակ նախագծերի, որոնք ստեղծում են եզակի պրոդուկտներ։