Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը, հաղորդում է Akhaltskha.net-ը: 

Ախալցխայի հոգեւոր տեսչությունը, Վիրահայոց թեմի առաջնորդի ու Ամենայն հայոց կաթողիկոսի իմացությամբ ու օրհնությամբ ձեռնամուխ է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատան կառուցման, եկեղեցու եւ տարածքի բարեկարգման, ինչպես նաեւ «Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին:

«Սիրելի հայրենակից. Մենք կարող էինք դիմել քաղաքի մեծահարուստներին, վերջիններից օգնություն խնդրելով: Համոզված ենք, որ նրանցից եւ ոչ մեկը չէր մերժի եկեղեցու ու մշակույթի կողքին կանգնելու մեր խնդրանքը: Սակայն մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով, դիմելով բոլորի ու յուրաքանչյուրի օգնությանը: Քանզի Աստված երբեք եւ երբեք չի կարեւորել ներդրման չափը:

Դիմում ենք բոլորին, խնդրելով դառնալ մասնակիցը Աստվածահաճո այս նախաձեռնության, որի հաջողությունը մեզանից յուրաքանչյուրի ու բոլորի հաջողությունը պետք է դառնա, որի հաջողությունը պետք է դառնա Ախալցխայի ու ախալցխացու, տեսակի շարունակականության հիմքը: Այն շարունակականության, որ տասնամյակներ շարունակ ապացուցել է մեծն Թումանյանի խոսքի իրավացիությունը: Գործն է արդար, լավ իմացեք»,-ասված է Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու Բարեգործական Հիմնադրամի հաղորդագրության մեջ: