ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ դժգոհեց մաքրությունից:

«Մանավանդ իմ այցի օրն ինչու է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է»,-ասաց նա:

Վարչապետը ձեռքով սրբեց պատն ու նկատեց, որ այն երկար ժամանակ չի մաքրվել, շատ կեղտոտ է. «Սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, որոնք եկել էստեղ կանգնել են: Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Հիմա իրենց պարգեւավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»:

Հասնելով մաքսատան սենյակներից մեկը, Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով համազգեստով աշխատակիցներից մեկին, դիտողություն արեց. «Որ վարչապետը մոտենում է, պետք է ձգված կանգնել, սենց (ցույց է տալիս ուսերը կախած վիճակը - խմբ.) արած չեն կանգնում»:

Նա բարկացավ, որ սենյակներից մեկում եռագույն դրոշը կեղտոտ էր և պատին էր հենած։ Վարչապետը դիմեց  այդ սենյակում նստող երիտասարդին՝ ասելով. «Աշխատավարձիդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»,-ասաց Փաշինյանը:

Նա մանրամասն հետաքրքրվեց, թե ինչպես է տեղի ունենում մեքենաների մաքսազերծումը, հարցեր տվեց վարորդներին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ տեղեկացրեց, որ օրական 300 մեքենա է մաքսազերծվում: