Ղրղզստանի հոգեւոր վարչությունը (ՂՀՎ) ֆեթվա է ընդունել մուսուլմանների շրջանում մի քանի վիճելի հարցերի վերաբերյալ, հայտնում է 24ԿԳ-ն՝ վկայակոչելով մուֆթիի մամուլի ծառայությանը:

«Ցանցային մարքեթինգը եւ դրա բոլոր տեսակները հակասում են իսլամի սկզբունքներին, ուստի արգելվում են: Քանի որ իսլամում անթույլատրելի են շռայլությունը, մեկ համաձայնագրի մեջ եւս մի քանիսի առկայությունը, միջնորդավճարներ պահելը, անդամավճարները, գովազդվող ապրանքների որակի անհամապատասխանությունը, մարդկանց ներգրավելու համար վճարումները: Այս ամենը հակասում է իսլամի սկզբունքներին»,- հայտնում է մուֆթին:

Գործակալությունը նշում է, որ ՂՀՎ-ն նաեւ հիշեցնում է, որ անթույլատրելի է արտաքինի փոփոխությունը: Դեմքի կամ մարմնի վերականգնման անցկացումը թույլատրվում է բացառապես հաշմանդամության, բնածին թերությունների վերացման նպատակով՝ միայն դրանց բնական ֆունկցիան բարելավելու համար:

«Իսլամը դեմ է արտաքինի բարելավման համար էսթետիկ վիրահատություններին, հանուն դեմքի եւ մարմնի գեղեցկության բնական տվյալների փոփոխությունների: Այս մասին ասվում է Ղորանում եւ հադիսներում»,- նշում է ՂՀՎ-ն:

ՂՀՎ կարծիքով՝ պատվաստվելը յուրաքանչյուր մարդու անձնական ընտրությունն է: Սակայն դեղերի բաղադրության մեջ չպետք է լինեն միջոցներ, որոնք իսլամում արգելված են:

«Պատվաստումների օգուտի եւ վնասի մասին տեղեկություններ կարող է տալ միայն բժշկությունը: Նման դեպքերում շարիաթը հիմնվում է բժշկական եզրակացության վրա: Ուստի կարծում ենք, որ իսլամը պատվաստումներին դեմ չէ, եթե այն անցել է երկրի առողջապահության նախարարության ստուգումը եւ հավանություն է ստացել այլ պետություններում, եթե աշխարհի հեղինակավոր եւ պատասխանատու գիտնականների կողմից կան անվնաս լինելու ապացուցողական պատասխաններ»,- նշում է ՂՀՎ-ն: