Հունաստանը կմասնակցի Լուսնի յուրացման ծրագրին եւ Միջազգային լուսնակայանի ստեղծմանն ու Լուսնի մակերես կուղարկի ռոբոտ-լուսնագնաց արբանյակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Հունաստանի թվային քաղաքականության, կապի եւ տեղեկատվության նախարարությանը։

Հունաստանի տիեզերական կազմակերպությունը (ELDO) եւ ԱՄՆ աերոնավտիկայի եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (ՆԱՍԱ) երկուշաբթի համագործակցության հռչակագիր են ստորագրել։ Այն նախատեսում է երկու կազմակերպությունների փոխգործակցություն Լուսնի եւ տիեզերքի այլ ոլորտների հետազոտման ոլորտում՝ ՆԱՍԱ ծրագրի շրջանակում։

ELDO-ի մասնակցությունը ՆԱՍԱ ծրագրին նախատեսում է 2022-ին Լուսին ուղարկել հունական առաջին ռոբոտացված մեքենան՝ նրա տարածքի յուրացման եւ տվյալների ստացման համար, որոնք կպատկանեն հունական պետությանը եւ կօգտագործվեն հունական համալսարանների եւ հետազոտողների կողմից, տեղեկացրել է նախարարությունը։

Հունաստանի մասնակցությունը կկոչվի «Հելլադան Լուսնի վրա» (Hellas to the Moon)։

Համաձայնագիրը ստորագրվել է Հունական տիեզերական կազմակերպության ստեղծումից մեկ տարի հետո, նշում է նախարարությունը։

«ՆԱՍԱ-ն կուղեւորվի Լուսին եւ կմնա։ Եզակի բան է, որ մենք ուղեւորվում ենք Լուսին գլոբալ դաշինքով։ Մենք շատ ուրախ ենք, որ ELDO-ն, որն ընդամենը մեկ տարեկան է, կուղեւորվի մեզ հետ Լուսին»,- ասել է ՆԱՍԱ տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը։

Հունաստանի թվային քաղաքականության նախարար Նիկոս Պապասը, որը Կոլորադոյում ներկա էր համաձայնագրի ստորագրման արարողությանը, շատ կարեւոր է համարում Հունաստանի մասնակցությունը տիեզերական ծրագրերին։ «ELDO-ի ստեղծումից ընդամենը մեկ տարի հետո Հունաստանը կուղեւորվի Լուսին»,- ասել է նա։