Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորածների որոնման հարցերի Միջազգային աշխատանքային խմբի համանախագահներ Սվետլանա Գաննուշկինայի, Պաատա Զաքարեիշվիլու, Բերնհարդ Քլազենի հարցազրույցը NEWS.am գործակալությանը

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ՄԱԽ գործունեության վերականգնումից հետո տեղի է ունեցել այցելություն Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ։ Շարունակվո՞ւմ են արդյոք շփումները կողմերի հետ։ Եվ կարելի՞ է արդյոք հրապարակավ ասել ինչ-որ արդյունքների մասին։ ՄԱԽ-ը հանդես է եկել չեզոք տարածքում փորձագետների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ, որպեսզի քննարկվեն գերիների ազատ արձակման ծրագրերը եւ գերիների ու պատանդների հարցում արագ արձագանքման գծով շփումների հաստատման եւ կարգավորման հնարավորությունը։ Կա՞ արդյոք արձագանք այս նախաձեռնությանը։

Իսկապես այդպես է։ Խումբը փորձել է վերսկսել իր գործունեությունը եւ հարաբերություններ հաստատել կողմերի միջեւ։ Այդ նպատակով հանդիպումներ ենք անցկացրել Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում։ Մեր խումբն առաջարկել է հանդիպումն անցկացնել Թբիլիսիում։ Եվ կարծես թե կողմերը պատրաստ էին մասնակցել դրան։ Հանդիպման մեր առաջարկած ձեւաչափը հետեւյալն էր. փորձագետները հանդիպում են անձնապես։ Հանդիպումը տեղի է ունենում առանց նախապես պայմանավորված ծրագրի։ Մենք հասկանում էինք, որ յուրաքանչյուր կողմ ունի իր շահերն ու իր խնդիրները։ Բայց եւ միաժամանակ ընթացքում կարելի կլիներ քննարկել ցանկացած հարց։

Ցավոք, կողմերից յուրաքանչյուրը պնդում էր, որպեսզի հանդիպումն ունենա այն ձեւաչափը, որն իրեն էր հարմար թվում։ Քանի որ մյուս կողմի համար անընդունելի պայմաններ էին դրվում, մենք ստիպված եղանք հրաժարվել հանդիպման կազմակերպումից։ Մենք այդ մասին շատ ենք ցավում, քանի որ համոզված ենք, որ ցանկացած շփում օգտակար կլիներ ապագայում հակամարտության լուծման համար։ Պակաս կարեւոր չէ եւ այն, որ հանդիպման ընթացքում կարելի կլիներ մարդկանց համար կարեւոր կոնկրետ որոշումներ ընդունել, որոնց ճակատագիրը կախված է հակամարտող կողմի վերաբերմունքից։

Անհասկանալի էր նաեւ, թե ինչու փորձագետներին չէր բավարարում Թբիլիսին որպես հանդիպավայր։

Անցյալում  գոյություն ուներ հակառակ կողմում հայտնված քաղաքացիների վերադարձի պրակտիկա (կողմերից յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանել «խելամիտ ժամկետներ» հասկացությունը)։ Ասքերովի եւ Գուլիեւի հետ հայտնի դեպքից հետո նման գործելակերպը դադարեցվեց ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Արդյո՞ք նման մոտեցումը փակուղի չի մտցնում հումանիտար գործունեությունը։

Մեր պատկերացմամբ՝ այնքան էլ այդպես չէ։ Հենց ադրբեջանական կողմն է ցանկացել քննարկել ինչ-որ պայմաններով Գուլիեւին եւ Ասքերովին Ադրբեջան վերադարձնելու հնարավորությունը։ Կամ նրանցից մեկին։ Մասնավորապես, կարելի էր դնել միայն Գուլիեւի ազատ արձակման հարցը, քանի որ նա սպանության մեջ չէր մեղադրվում։

Մենք գիտենք, որ հայկական կողմը պատրաստ չէ փոխանակել քրեական դատարանի կողմից մեղադրվածներին հասարակ քաղաքացիների հետ։ Բայց հումանիտար տեսակետից մեզ թվում է, որ հանցագործություն չկատարած հայ խաղաղ քաղաքացիների ճակատագիրը արժե, որպեսզի տարանշանակ փոխանակման որոշ սկզբունքներ անտեսվեն։ Համենայնդեպս, դա կարելի էր քննարկել։

Կա՞ն արդյոք նախաձեռնություններ ՄԱԽ-ի կողմից։ Վարվո՞ւմ է արդյոք անհետ կորածների որոնման աշխատանք։ Հայաստանից, Ղարաբաղից եւ Ադրբեջանից քանի՞ անձանց մասին տվյալներ ունի ՄԱԽ-ը եւ որտեղի՞ց են դրանք՝ ԿԽՄԿ, պետհանձնաժողովնե՞ր, թե՞ սեփական տվյալներ։

Ոչ։ Ներկայում նման աշխատանք չի կատարվում։ Տեղեկատվությունը, ինչպես եւ նախկինում, ստանում ենք բացառապես կողմերի պաշտոնական աղբյուրներից։

Չավարտված հակամարտության պայմաններում որքանո՞վ է հնարավոր անհետ կորածների որոնումը: Կա՞ն արդյոք տվյալներ երկար տարիներ գերության մեջ պահվող ողջ մնացածների մասին, թե՞ խոսքը դիակների մասին է:

Մեզ ոչինչ հայտնի չէ ողջ մնացած անհետ կորածների մասին: Սակայն կարելի է որոնումներ իրականացնել, ինչպես նախորդ տարիներին:

Հայտնի են ադրբեջանական բանտերում ՀՀ մի քանի քաղաքացիների մահվան ողբերգական դեպքեր (Մանվել Սարիբեկյան, Կարեն Պետրոսյան) կամ վերադառնալուց անմիջապես հետո (Մամիկոն Խոջոյան): Ընդ որում՝ Ադրբեջանում քաղաքացիական անձանց մահվան հանգամանքների հետաքննություն չի անցկացվել: Ինչպե՞ս եք գնահատում նման իրավիճակը:

Ազատազրկման վայրերում մարդու ցանկացած մահ, միանշանակ, պետք է հետաքննվի: Ցավոք, մենք հաճախ ենք հանդիպում դեպքեր, երբ հետխորհրդային տարածքում մարդիկ մահանում են բանտերում եւ այդ փաստը պատշաճ կերպով չի հետաքննվում:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ համագործակցությունը:

Մենք դեռ ստիպված ենք խոստովանել, որ այդ համագործակցությունը բավականաչափ կառուցողական չէ բոլոր կողմերից: Այն դեպքում, երբ կողմերը պատրաստակամություն են հայտնում համագործակցության համար, գործնականում կողմերը չեն ցանկանում աջակցել միմյանց, եւ դա խանգարում է մեզ շարունակել բանակցությունների գործընթացը: