Դրոշը մի ժամանակ շենքի վերեւում է փակցված եղել, հետո բերվել է աշխատասենյակ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց մաքսային ծառայության ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանը, որին մաքսակետ այցելության ժամանակ նկատողություն էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հրահանգել աշխատանքից ազատվելու դիմում գրել։

«Երբ վարչապետն այցելեց, անկյունում դրված էր դրոշը՝ ձողի վրա ամրացված, որը կեղտոտ վիճակում էր։ Դրոշը մի ժամանակ շենքի վերեւում է փակցված եղել, հետո բերվել է աշխատասենյակ։ Մեկ ամիս է երեւի, որ մաքսայինին հատկացրել են այս շենքը, նախկինում ոստիկանության բաժանմունքն էր այստեղ նստում։ Դրոշը մաքսայինինը չի եղել, ոստիկանության գույքն է եղել»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ 2 ամիս է՝ ինչ աշխատանքի է անցել մաքսային ծառայությունում։ Մեր հարցին, թե ինչու իրավիճակը չներկայացրեց վարչապետին, Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց կարճ. «Չկարողացա»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 9–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ՝  դիտողություն էր արել ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանին՝  նախ կեցվածքի համար, ապա այն պատճառով, որ սենյակում եռագույնն ընկած էր պատի տակ։

«Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ»,- ասել էր Փաշինյանը: