Լոնդոնի բնակիչ Դարյա Ռոդիոնովան ցույց է տվել իր Lamborghini Aventador SV-ն, որը զարդարված է Swarovski-ի 2 մլն բյուրեղներով, հայտնում է «Մոտորը»: 

Թափքի վրա դրանք ձեռքով տեղադրել են Cars In Cloaks թյունինգ արհեստանոցի մասնագետները:

Ռոդիոնովան «Ինսթագրամի» իր էջում նշել է, որ Lamborghini Aventador SV-ի թափքի վրա բյուրեղների տեղադրումը տեւել է ավելի քան 700 ժամ: Ըստ լուսանկարների՝ սուպերքարը նախկինում կարմիր է եղել:

Անցյալ տարվա հունվարին Լոնդոնում նկարահանել են Swarovski-ի 1,3 մլն բյուրեղներով ծածկված Lamborghini Huracan սուպերքարը: Այս ավտոմեքենան նույնպես պատկանում է կամ պատականել է Ռոդիոնովային՝ նախորդ սերնդի Mercedes-Benz CLS 350-ի հետ միասին, որը զարդարված էր 1 մլն բյուրեղներով:

Հայտնի է, որ CLS-ն զարդարելու համար ձեռնարկատեր կինը ծախսել է 35 հազար ֆունտ սթերլինգ: Ավելի ուշ սեդանը 154,6 հազար ֆունտով վաճառվել էր eBay առցանց աճուրդում: Չի հստակեցվում, թե Aventador-ի վրա աշխատանքն ինչ է արժեցել: