Lexus ընկերությունը հրապարակել է «նոր մակարդակի» առեղծվածային մոդելի երկրորդ թիզերը, որից երեւում է, որ այն մինիվեն է։ Ավտոմեքենան կստանա LM նշանակում։ Պրեմիերան տեղի կունենա ապրիլի 16-ին Շանհայում, փոխանցում է «Մոտոր»-ը։

Նախնական տեղեկատվությամբ՝ Lexus LM-ը կպատրաստվի Toyota Alphard-ի հիմքով։ Չինաստանում ընկերությունն արդեն գրանցել է երկու մոդիֆիկացիա՝ LM350 եւ LM300h։ Առաջինը կունենա 3,5 լիտրանոց V6 շարժիչ (301 ձիաուժ), երկրորդը՝ հիբրիդային ուժային սարք՝ 197 ձիաուժ ընդհանուր հզորությամբ։

Ավելի վաղ Lexus-ը ցուցադրել էր մինիվենի թափքի առջեւի հատվածը՝ ցանցկեն ռադիատորով եւ նեղ լույսերով։ Չինացի լրագրողները նշել են, որ ցերեկային լույսերի ձեւը հիշեցնում է հին չինական կարթաձեւ զենք։ Բացի այդ, նրանք հիշել են Lexus-ի ֆիլիպինյան գրասենյակի նախագահի հայտարարությունը, որ շուտով ի հայտ կգա ճապոնական այդ ապրանքանիշի նոր մոդելը։