Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ NEWS.am-ը զրուցել է հակամարտության կարգավորման ներկա փուլի, պատերազմի վերսկսման ռիսկերի, 2020 թվականի նախագահական ընտրությունների, Արցախը Հայաստանի մարզ դարձնելու նպատակահարմարության մասին։

Դուշանբեի պայմանավորվածությունից հետո սահմանին, կարծես թե, հանգիստ է։ Սա, ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված։

Այս ժամանակահատվածում, իհարկե, բոլոր պայմանավորվածություններն իրենց արժեքն ու նշանակությունն ունեն, բայց այնպես չէ, որ այդ պայմանավորվածությունների արդյունքում դադարում են կրակել։ Կարծում եմ՝ այդ պայմանավորվածությունների արդյունքում ավելի հանգիստ իրավիճակը նույնպես կարելի է հարաբերական համարել։ Նույնիսկ Պաշտպանության բանակի ամենշաբաթյա հաղորդագրություններում անընդհատ տեղեկություններ են, որ սահմանին նախորդ տարիների համեմատ ավելի հանգիստ է, բայց հաշվի առնելով 2016 թվականի ապրիլի դառը փորձերը՝ կարծում եմ, որ դա նաեւ նշանակում է, որ հայկական զինուժը պետք է միշտ լինի պատրաստ, միշտ լինի զգույշ եւ անընդհատ զբաղվի իր մարտունակությամբ։

Դավիթ Տոնոյանը «նոր պատերազմ նոր տարածքներ» թեզն է առաջ քաշում, Լեւոն Մնացականյանը հակված է կարծելու, որ պատերազմ կլինի։ Այս փուլում եւ հատկապես Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո հնարավո՞ր է հակառակորդը սադրանքի դիմի։

Կարծում եմ՝ Ձեր նշած ռազմական գործիչները երեւի շատ ճիշտ են անում, որ խոսում են այդ տեսանկյունից, որովհետեւ իրականում այդ բանաձեւը, որ նոր պատերազմի դեպքում ունենալու ենք նոր տարածքներ, նաեւ զգոնության կոչ էր, դա նաեւ շատ կարեւոր ուղերձ էր հակառակ կողմին, որ այնպես չէ, որ նոր պատերազմը կարող է միակողմանի որոշակի առավելություն ստեղծել։ Նորից պետք է հղում անեմ 2016 թվականի ապրիլի իրադարձություններին, որովհետեւ ակնհայտ էր՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեին, ապա հայկական զինուժն ու Արցախի ՊԲ-ն պատրաստվում էին հակահարձակողական լայնամասշտաբ գործողությունների։ Ուշադրություն դարձրեք, որ Ադրբեջանի փոխնախագահն էլ է սկսել խոսել այդ մասին։ Բնական է, որ այնպես չէ, որ Ադրբեջանում փոխվել են մտածելակերպը, նպատակները։ Ես համոզված եմ՝ մեր կողմից, հատկապես ռազմական ոլորտի համար պատասխանատու գործիչների հայտարարությունները հենց այդ ուղղության վրա են, որ մեր պատրաստվածությունը երբեք, ոչ մի վայրկյան չպիտի որեւէ թուլացում ունենա, հայկական զինուժի պատրաստվածությունը պետք է անընդհատ կատարելագործվի՝ նաեւ նպատակ ունենալով միշտ պատրաստ լինել ցանկացած անսպասելի գործողությունների։ Կարծում եմ՝ շատ ճիշտ է շեշտադրումը, որ առանց Արցախի մենք վերջնական կարգավորման հարցում արդյունք չենք ունենալու։ Արցախի ժողովուրդն է վերջնական համաձայնություն տվողը։ Իսկ վարչապետի հայտարարությունը շատ ճիշտ է, պարզապես պետք է ընդունենք, որ դա չի կարող լինել մեկ-երկու օրվա կամ մեկ-երկու հանդիպումների արդյունք, ինչը չի նշանակում, որ պետք է հրաժարվենք դրա մասին խոսելուց։ Դա արվում է, որ մենք վերջնականապես վերականգնենք բանակցությունների իրական ձեւաչափը։ Խոսքը այն ձեւափաչի վերականգնման մասին է, որ եղել է 90-ական թվականներին, որը տվել է որոշակի արդյունքներ։ Հիշենք 1994 թվականի զինադադարի հաստատման համաձայնագիրը եւ 1995 թվականի զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը։ Այսինքն՝ երբ մենք ունեցել ենք բանակցային իրական եւ ճիշտ ձեւաչափ, մենք ունեցել ենք նաեւ հաջողություններ, երբ մենք կորցրել ենք բանակցային իրական ֆորմատը, բանակցությունները շարունակվել են, բայց պետք է փաստենք, որ որեւէ կոնկրետ արդյունք մենք մինչեւ հիմա չենք ունեցել։

«Սասնա ծռերն» առաջարկում են Արցախը Հայաստանի մարզ դարձնել։ Դուք ի՞նչ եք կարծում՝ պետք է Արցախը դառնա Հայաստանի մարզ։

Դա շատ արհեստական օրակարգ է, որոնք մեզ շեղում են այն հիմնական խնդիրներից, որի մասին մենք քիչ առաջ խոսեցինք։ Այն, որ Արցախը Հայաստան է եւ Արցախի Հանրապետության վերջնական նպատակը Հայաստանի հետ վերամիավորվելն է, որեւէ կասկած չի հարուցում։ Այն, որ խոսվում է Արցախը Հայաստանի մարզ ունենալու մասին եւ նման կարգի օրակարգերը, կարծում եմ, մեզ հիմնական ճանապարհից շեղելու միջոցներ են, որոնք այս պահին մեզ համար անընդունելի են։

2020 թվականին նախագահական ընտրություններին դուք առաջադրվելո՞ւ եք կամ ո՞ւմ եք սատարելու, եթե չառաջադրվեք։

Այն, ինչ այսօր մենք ունենք, արդյունք է այն նախապատրաստության, որ շատ բնական է, որ պետք է լինի 2020 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ։ Այս պահին փաստենք, որ ոչ իրավական, ոչ քաղաքական առումով այսօր նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությունները չեն կարող լինել վերջնական ձեւավորված հիմքեր, որովհետեւ դրա համար ոչ օրենսդրությունն է հնարավորություն բացել, որ խոսենք վերջնական որոշումների մասին, ոչ էլ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված ընթացակարգերն են թույլ տալիս խոսել այդպիսի որոշումների մասին։ Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, ապա մենք դրա մասին խոսել ենք մեր կուսակցության գլխավոր մշտական մարմնի նիստի ժամանակ, ասել ենք, որ հաշվի առնելով այն քաղաքական ճանապարհը, որ անցել է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, այն քաղաքական պատասխանատվությունը, որ ունի կուսակցությունը եւ այն առաքելությունը, որ մենք զգում ենք, իհարկե անպայման մասնակցելու ենք նախագահական ընտրություններին։ Այս պահին կարող եմ ասել, որ անպայման մասնակցելու ենք եւ ամենայն հավանականությամբ մեր սեփական թեկնածուով։

Դուք կհամաձայնե՞ք, եթե կուսակցությունը որոշի ձեզ առաջադրել։

Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, որովհետեւ եթե խոսում ես համարյա կայացած որոշման մասին, նշանակում է, որ այդ որոշումը դառնում է ձեւական։

Թավշյա հեղափոխության շարունակությունը Արցախում հնարավոր համարո՞ւմ եք։

Երեւի թե այս ժամանակահատվածում բազմաթիվ թեմաների մասին է խոսվել, ինձ թվում է՝ այս թեման նույնպես մտացածին որոշակի հիմքեր ունի, որովհետեւ մենք Արցախում ընդունում ենք, որ 1988-ին հեղափոխությունը եղել է մեր մտքերում ու հոգիներում։ Մենք որոշակի պատմական փորձ ունենք ժողովրդավարական եւ իրավական պետություն կառուցելու, ես համոզված եմ, որ Արցախում ստեղծված այն բոլոր նախադրյալներն ու հիմքերը, որ մենք այս տարիներին ներկայացրել ենք օտարերկրացիներին, խոսում է մեր երկրի կայացվածության մասին։ Իսկ կայացած երկրներում, ճիշտ ընտրություններ անցկացրած եւ ժողովրդավարական ինստիտուտներ ունեցող երկրներում ամեն ինչ կատարվում է էվոլյուցիոն ճանապարհով։ Ես կարծում եմ, որ դրա հիմքերը այսօր չկան, չկա այդ սոցիալական բազան, որ Արցախում հանգեցնի որոշակի անկանխատեսելի գործողությունների։