Ռուսական Ս-400 զենիթահիթիռային համալիները (ԶՀՀ) կարող են Թուրքիա մատակարարվել մինչեւ հուլիս, հայտարարել է թուրք առաջնորդ Թայիփ Էրդողանը:

Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, որ չի հրաժարվի Ս-400-ները գնելու ծրագրերից, եւ որ ԶՀՀ առաջին խմբաքանակը պետք է երկիր մատակարարվի այս տարի: ԱՄՆ-ն հայտարարում է, որ Ս-400 համալիրներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի ստանդարտներին, սպառնում է դրանց հնարավոր ձեռքբերման դեպքում պատժամիջոցներով եւ քանիցս ասել է, որ կարող է ուշացնել կամ չեղարկել Թուրքիային սեփական նորագույն F-35 օդանավերի վաճառքի գործընթացը:

«Այս աշխատանքն ավարտվել է, ամեն ինչ պատրաստ է: Ս-400-ների մատակարարումը պետք է կատարվի հուլիսին, բայց կարող է տեղի ունենալ նաեւ ավելի վաղ»,- թուրք լրագրողներին ասել է Էրդողանը օդանավի մեջ՝ Ռուսաստան այցից հետո վերադառնալիս, հայտնում է Sabah-ը:

Նա նշել է, որ Թուրքիայի ազգային անվտանգության համար նախաձեռնված այս քայլը ուղղված չէ երրորդ երկրի եւ նրան չի լիազորում այս հարցում ձայնի իրավունք ունենալ: «Թուրքիան բացարձակ ինքնիշխան պետություն է, եւ մենք այն ոչ ոքի հետ չենք բաժանի»,- հավելել է Էրդողանը:

Մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունը, որ Թուրքիայի կողմից Ս-400-ների գնումը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի միասնությանը, թուրք առաջնորդը հիշեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, որի համաձայն՝ Ս-400 ԶՀՀ-ի ձեռքբերումը Անկարայի ինքնիշխան իրավունքն է: «Փենսի դիտարկումները պարտադիր չեն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Փենս չի: Ստոլտենբերգն արդեն ասել է վերջին խոսքը, եւ նա դա արել է մի քանի անգամ»,- հավելել է Էրդողանը: