Ժնեւում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի Թվային տնտեսության եւ հասարակության նախարար Պիչետ Դուրունգավերոյի հետ:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստանի եւ Թաիլանդի միջեւ համագործակցության հնարավորությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում։ Մասնավորապես, նախարարը ներկայացրել է Հայաստանում ստեղծված եւ հաջողությամբ կիրառվող այնպիսի տեխնոլոգիաներն ու հարթակները, ինչպիսիք են «Թումո» կենտրոնը (Tumo Center for Creative Technologies), «Արմաթ» լաբորատորիաները (Armath Engineering Laboratories), Dasaran.am-ը. հարկային համակարգի թվայնացումը, ինչպես նաեւ այլ նախագծեր, որոնք կարող են կիրառվել Թաիլանդում։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային հարթակ՝ հետագա քննարկումների եւ համագործակցության համար։

Հակոբ Արշակյանը Պիչետ Դուրունգավերոյին հրավիրել է մասնակցելու Երեւանում աշնանը կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսի նախարարական կլոր սեղանին։