Հայկական պետությունները Մարաղա գյուղում կատարված հանցագործությունները պետք է ցեղասպանություն ճանաչեն: Ապրիլի 10-ին փորձագիտական լսումների ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ոչ թե ուղղակի դիմել միջազգային հանրությանը, որպեսզի այս հարցը մեծ հրապարակայնություն ստանա, պետք է իրենք այն ընդունեն: «Մարաղայի իրադարձությունների ցեղասպանություն ճանաչումը նոր նշանակություն կունենա ղարաբաղյան հիմնախնդրում: Դա թույլ կտա սկսել ավելի հստակ գործընթացներ»,- նշեց նա:

Ալավերդյանը շեշտեց, որ իր համար Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, մնում է միայն Ադրբեջանի եւ հայկական պետությունների ակտիվության հարցը: «Անհրաժեշտ է Ղարաբաղում դատաքննություն անցկացնել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել, առավել եւս, որ միջազգային իրավունքը թույլ է տալիս հեռակա դատավարություն անցկացնել՝ բուն ամբաստանյալների բացակայությամբ»,- պարզաբանեց Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանը հավելեց, որ անհրաժեշտ է աշխատել մեխանիզմներ ընդունելու շուրջ, որոնք թույլ կտան ցեղասպանությունները կանխել:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում փորձագիտական լսումներ են ընթանում՝ նվիրված Մարաղա գյուղում ադրբեջանական զորքերի կողմից հայ խաղաղ բնակչության զանգվածային բնաջնջմանը: