ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Նշենք, որ մարտի 15-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու մասին:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մարտի 25-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։