Բրիտանական Coys of Kensington աճուրդի տունը վաճառքի է հանել միջինշարժիչային BMW M1 հազվագյուտ նմուշը՝ հայտնում է Metro-ն։

Այդ ավտոմեքենան ստեղծել է լրագրող եւ մրցարշավորդ Հարոլդ Էրթլը՝ հեղուկ գազով արագության ռեկորդ սահմանելու համար։ 1971թ․ հոկտեմբերի 17-ին Volkswagen-ի թեսթային շավղում նա M1-ով սլացել է 310,4 կմ/ժ արագությամբ։

Հազվագյուտ ավտոմեքենայի ստեղծումը եւ սահմանած ռեկորդը դարձել են British Petroleum-ի հեղուկ գազի գովազդային քարոզարշավի մասը։ Բրիտանացիներն ուզում էին այն այլընտրանք դարձնել ավանդական գազին՝ մասնավոր եւ կորպորատիվ ավտոմեքենաների համար, այդ պատճառով հետաքրքրվել են Էրթլի առաջարկով, որը հենց ինովացիոն լուծումներ էր որոնում։ Ծրագրի համաձայն, Էրթլը պետք է վերցներ M1-ը, դարձներ այն գազով աշխատող եւ 300կմ/ժ արագությամբ վարեր։

Ռեկորդային ավտոմեքենայի վերափոխումը հանձնարարել են Gustav Hoecker Sportwagen-Service GmbH սպորտային թյունինգ-ատելյեին, որը մեքենայի վրա երկու KKK K26 տուրբոշարժիչ է դրել եւ դարձրել այն հեղուկ գազով աշխատող ավտոմեքենա։ Այն ժամանակվա բուկլետները հայտնում են, որ ավտոմեքենայի հզորությունը 280-ից հասել է 410 ձիաուժի, թեեւ լուրեր են տարածվել 500 ձիաուժի մասին։ Ավտոմեքենայի վերափոխման աշխատանքներում ներգրավվել են նաեւ այլ ընկերություններ, այդ պատճառով BMW M1-ը ստացել է սարքերի վահանակի մեջ ներառված Blaupunkt-ի ակուստիկա, Ronal-ի թեթեւ անիվներ եւ այլն։