Բրիտանական ոստիկանությունը կալանավորել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Նրան հսկողության տակ են վերցրել Լոնդոնի կենտրոնի բաժանմունքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«47-ամյա Ջուլիան Ասանժը այսօր՝ ապրիլի 11-ին, Էկվադորի դեսպանատանը կալանավորվել է Լոնդոնի Մայրաքաղաքային ոստիկանության աշխատակիցների կողմից՝ 2012 թվականի հունիսի 29-ին Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանի տված օրդերով»,- հայտնել են ոստիկանությունից:

Էկվադորի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը որոշել է Ասանժին մերժել ապաստան տրամադրելու հարցում: WikiLeaks-ի հիմնադիրը վերջին տարիներին թաքնվում էր այս պետության դեսպանատանը:

Ասանժը հանրահայտ է դարձել մի շարք հրապարակումներից հետո, այդ թվում՝ Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ ռազմական գործողությունների եւ Գուանտանամո բանտում պահման պայմանների մասին:

2010 թվականին WikiLeaks հիմնադիրը, երբ նրանով հետաքրքրվել են ամերիկյան իշխանությունները, տեղափոխվել է Շվեդիա, որտեղ մտադիր էր պաշտպանություն ստանալ: Հետագայում նրան մեղադրել են սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ, որոնց մասնակցությունը Ասանժը հերքում է:

Շվեդիայի դատարանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել, որից հետո նա Լոնդոնում ձերբակալվել էր, բայց գրավով ազատ արձռակվել: Ասանժը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:

WikiLeaks պորտալը, վկայակոչելով Էկվադորում բարձրաստիճան աղբյուրին, ապրիլի 5-ին հայտնել էր, որ առաջիկա «ժամերին կամ օրերին» նրան դեսպանատնից կվտարեն: Որպես առիթ կարող է օգտագործվել օֆշորային փաստաթղթերի հետ կապված կոռուպցիոն սկանդալը, որն առնչվում է Էկվադորի նախագահ Լենին Մորենոյին: