Հայաստանում այսօր հսկայական փոփոխություններ են տեղի ունենում: Այս մասին այսօր ապրիլի 11–ին, ԵԽԽՎ–ում իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլորի հավասարության իրական պայմաններ ստեղծել: Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը: Վերջին 10 ամսում ստվերից դուրս է բերվել եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ, որը աշխատաշուկայի ընդհանուր թվի 10 տոկոսն է: Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերատակարումներ են արձանագրվել: Մենք մտադիր ենք 2019-ի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 70 մլն եվրոյով, որը մեր բյուջեի եկամուտների 2,6 տոկոսն է: Այս գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթության զարգացմանը, կբարձրացվեն աշխատավարձեր»,– ասել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության գործունեությունը թափանցիկ է  ու հաշվետվողական:

«Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է՝ խոսքի ու հավաքների կատարյալ ազատությամբ: Ընտրությունների կեղծման, համակարգային կոռուպցիայի էջը մեր երկրում փակված է անշրջելիորեն: Մեր կառավարությունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների մակարդակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ:

Բայց մեր ժողովրդավարությունն ուժեղանալու, տնտեսական ու ինստիտուցիոնալ երաշխիքների անհրաժեշտություն ունի:

Անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումը այն առանցքային ոլորտներն են, որտեղ ԵԽ-ի աջակցության կարիքն ունենք: Սա կարեւոր է ոչ միայն հեղափոխության արդյունքներն ամրագրելու, այլև մեր սկսած տնտեսական հեղափոխությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար»,– ասել է Փաշինյանը: