ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունն այսօր ավարտվեց: Գործով քննիչը դատարանին տրամադրեց դատական ակտերի վերաբերյալ պատճեները, ինչից հետո  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու. այն կհրապարակվի  ապրիլի 12-ին՝ ժամը 9:30-ին։

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ խախտվել են Ռոբերտ Քոչարյանի՝ Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի ու ՀՀ Սահմանդրության 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, և որպես ՀՀ պաշտոնաթող նախագահ ՀՀ Սահմանդրության 142 հոդվածով նախատեսված նախագահի անձեռնմխելիության իրավունքը։

Նշենք, որ  Հայաստանի Հանրապետության նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ դրույթը ամրագրված է ՀՀ նախկին և գործող Սահմանադրություններում Մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: 3-րդ կետով էլ սահմանված է, որ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ ապրիլի 11-ին մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը: