Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին ցուցաբերվում է ակնհայտ խտրական վերաբերմունք՝ ապօրինի քրեական հետապնդման տեսքով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 11–ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունն  ավարտվեց:

«Նախնական փուլում մենք չենք պնդել, որ սա քաղաքական հետապնդում է։ Առաջին օրվանից սկսած՝ պնդել ենք, որ սա իրավական հետապնդում չէ, սակայն հետագա բոլոր գործողությունները՝ թե նույն գաղտնալսումները, թե դատարանների նկատմամբ հրապարակային ճնշումները եկան հաստատելու, որ պարոն Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։ Պարոն Քոչարյանի նկատմամբ այս պահին ցուցաբերվում է ակնհայտ խտրական վերաբերմունք՝ ապօրինի քրեական հետապնդման տեսքով», - ասաց փաստաբանը։

Խուդոյանը հիշեցրեց, որ անձեռնմխելիությունը նախատեսված է քրեական հետապնդումից պաշտպանվելու համար, որպեսզի երկրի նախագահը, վարչապետը կամ դատավորը իրենց գործունեության ընթացքում կաշկանդված չլինեն քաղաքական պատասխանատու որոշումներ կայացնելիս։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ ապրիլի 11-ին մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը: