Ինձ համար տարօրինակ է, թե ինչպես են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոններն օգտագործում պատերազմներ հրահրելու, պատերազմներն ավելի դաժան եւ սուր դարձնելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԵԽԽՎ-ում հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ուկրաինացի պատվիրակի դիտարկմանը, որ Հայաստանը ՄԱԿ-ում միշտ դեմ է քվեարկում Ղրիմի անեքսիան դատապարտող բանաձեւերին:

«Ես կարծում եմ, որ պետք է մնալ երխոսության տրամաբանության մեջ: Աշխարհում չկա որեւէ հակամարտություն, որ ես մտածեմ, որ ճիշտ է այն լուծել իրար նկատմամբ բռնություն գործադրելով: Նաեւ միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ եւ մենք փորձում ենք ամեն ինչ անել այդ ուղղությամբ: Միշտ չէ, որ դա հաջողվում է. շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների ու գծերի երկու կողմերում մեր բարեկամներն ենք: Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի եւ բարեկամի միջեւ: Երբեմն ստիպված ես ընտրություն կատարել, բայց մեր գլոբալ ընտրությունը խաղաղությունն է, երկխոսությունը, կայունությունն ու զարգացումը»,-ընդգծեց Փաշինյանը: