ՌԴ Քննչական կոմիտեն հրապարակել է Վորոնեժում ԱԻՆ-ի հայ կուրսանտին վթարի ենթարկելու տեսանյութը: ՃՏՊ-ում տուժած Սեւաստոպոլի բնակիչ Դավիթ Գեւորգանը Վորոնեժ էր եկել փրկարարի մասնագիտություն ստանալու համար:

Տղան հրաշքով փրկվել է եւ շատ վախեցած է: Նրան վրաերթի ենթարկած անձը մեկ շաբաթից ավել ազատության մեջ էր, մինչեւ որ Համացանցում չհայտնվեց կատարվածի տեսանյութը: ՔԿ տարածաշրջանային վարչությունը «Մահափորձ» հոդվածով գործ էր հարուցել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սկզբում Դավիթին ցանկանում էին մեղավոր դարձնել. իբրեւ նա հեռախոսով կանգնած է եղել մաքրվող տարածքում եւ անձամբ է նման իրավիճակ ստեղծել: Հոլովակը, որտեղ երեւում է, ինչպես  է Գեւորգյանը մեջքով կանգնած մոտեցող մեքենային, փորձել էին հեռացնել: Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել ամբողջական տեսանյութը, որտեղ պարզորոշ երեւում է, ինչպես  է  «մերսեդեսի» վարորդը  մահափորձի  ենթարկում կուսրանտին եւ նրան այնպիսի ուժով  հարվածում, որ նա, մի կողմ նետվելով, իր մարմնով կոտրում է ուսումնարանի մուտքի կոթողը:

Mercedes-Benz-ի սեփականատիրոջը, որը կանխամտածված վրաերթի է ենթարկել Վորոնեժում 21-ամյա կուրսանտին, բազմիցս ճանապարհային կանոնների խախտման համար կանգնեցրել են:

Ոստիկանները  տվյալների բազայով ստուգել են 45-ամյա վարորդի մասին տեղեկատվությունը եւ պարզել, որ 2015-ից տղամարդուն 46 անգամ տուգանել են արագության գերազանցման համար:

Ոստիկանների տեղեկություններով, Վյաչեսլավ Դ.-ն վարորդական իրավունք է ստացել 1992-ին: Այդ ժամանակվանից տղամարդը ոչ մի անգամ վթարի մասնակից չի եղել, սակայն բազմիցս խախտել է արագության ռեժիմը:

Աղմկահարույց վթարը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 1-ին Կրասնոզնամեննայա փողոցի №231 տան մոտ: Քննության տվյալներով Mercedes-Benz-ի վարորդը փորձել է սպանել ԱԻՆ-ի կուրսանտին եւ հատուկ վթարի է ենթարկել նրան: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երեւում է ինչպես  է մեքենան անցնում երիտասարդի կողքով, այնուհետ շրջադարձ կատարում եւ հարվածում նրան: Հարվածից տղան մի կողմ է նետվում: Վթարից հետո Mercedes-Benz-ի վարորդը հեռանում է: