Ցեմենտի հայկական շուկայում առայժմ առավելություն ունեն տեղական արտադրողները: Ապրիլի 12-ին Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Պետական տուրքի մասին», ինչպես նաեւ «Գործունեության իրականացման վերաբերյալ իրազեկման մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականին տեղական արտադրությունն աճել է 53 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 3,5 անգամ: «Այսինքն՝ ստացվում է, որ ներմուծումը շատ ավելի արագ է աճում, քան մեր տեղական արտադրությունը: Հայկական շուկայում 680 հազար տոննայից 512 հազարը կազմել է հայկական ցեմենտը, իսկ 168 հազարը բերած է»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ ըստ նախարարության հետազոտությունների՝ տեղական ձեռնարկությունների ցեմենտի միջին ինքնարժեքը կազմում է տոննայի համար 41-42 հազար դրամ, այսինքն շուրջ 85-90 դոլար: Միաժամանակ, Իրանում ցեմենտն արժի ավելի քան չորս անգամ էժան՝ 15-20 դոլար: «Ընդ որում՝ խոսքն անգամ ինքնարժեքի մասին չէ, այլ մանրածախ առեւտրի: Իսկ Հայաստան տեղափոխումը գնահատվում է տոննայի համար 15 դոլար: Արդյունքում Իրանի սահմանին՝ Մեղրիում իրանական ցեմենտն արժի ընդամենը 30 դոլար կամ շուրջ 15 հազար դրամ»,- նշեց նախարարը:

Պաշտոնյան նշեց, որ Իրանում գազը շատ էժան է, որը կարող է կազմել ցեմենտի արժեքի մինչեւ կեսը, իսկ Իրանի կառավարությունը նաեւ սուբսիդավորում է տեղական արտադրողներին:

Հիշեցնենք, որ օրինագծերի փաթեթով առաջարկվում է երկիր իրանական ցեմենտի ներմուծման մաքսատուրքը բարձրացնել տոննայի դիմաց մինչեւ 22 հազար դրամ: Կառավարության կարծիքով՝ դա կլինի ցեմենտի տեղական արտադրողներին աջակցության գործողություն: