Suzuki ավտոկոնցեռնը հայտարարել է 2 մլն ավտոմեքենա հետ կանչելու մասին՝ թեստերում կանոնների խախտման պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ընկերության մամուլի ասուլիսին։

Ուրբաթ օրը հրապարակվել են անկախ փորձագիտական հանձնաժողովի տվյալները, որը եկել է այն եզրահանգման, որ երկար ժամանակ կարող էին կեղծված լինել մեքենայի արգելակման համակարգի, շարժչի եւ կարեւոր այլ համակարգերի հետ կապված տվյալները։ Խախտումներն ի հայտ են եկել վառելիքի ծախսի եւ արգելակման համակարգի թեստերում խախտումների ստուգման հետեւանքով։ Հիմքեր կան ենթադրելու, որ խախտվել են թեստերի կանոնները կամ դրանք կատարվել են ոչ ըստ հրահանգի՝ սկսած 1981 թվականից։

Տեղի ունեցածի հիմնական պատճառը ընկերության տնօրեն Տոսիհիրո Սուձուկին համարում է «թեստերի կարեւորության գիտակցման սղությունը», նա ներողություն է խնդրել հաճախորդներից եւ գործընկերներից։

Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունում պաշտոնական հայտարարություն կարվի մեկ շաբաթվա ընթացքում։ Նախնական գնահատականներով՝ մեքենաները հետ կանչելու հետ կապված ծախսերը կկազմեն մոտ 80 մլրդ իեն (720 մլն դոլար)։ Բացի այդ, պահանջվող կանխարգելիչ միջոցների համար, որպեսզի նման բան չկրկնվի, ընկերությունն առաջիկա հինգ տարիներին կծախսի 170 մլրդ իեն (1,53 մլրդ դոլար)։