Հյուսիսատլանտյան միության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը հայտարարել է, որ «Սեւ ծովի փաթեթը» կհանգեցնի տարածաշրջանում բլոկի ավելի մեծ ակտիվության, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Agenzia Nova իտալական գործակալությանը:

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ընդունած փաստաթղթում ներառված են Ուկրաինային եւ Վրաստանին օգնություն ցուցաբերելու համար գործնական քայլերը: Մասնավորապես, նախատեսվում են զորավարժություններ, տեղեկատվության փոխանակում եւ ջրային տարածքում նավահանգիստներ այցելություններ:

«Նախեւառաջ դա նշանակում է տվյալ երկրների հետ աշխատանք ռազմածովային պատրաստվածության եւ ափային պահպանության ուսուցման ուղղությամբ, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման եւ անվտանգության ուժերի ուսուցում անցկացնելու ոլորտում: Անցած շաբաթ ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խումբը (SNMG2) տեղակայվել էր Սեւ ծովում վարժանքների համար ինչպես Վրաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ»,-նշել է Գյոթեմյուլլերը:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների թեմային՝ Գյոթեմյուլլերը մատնանշել է, որ միության քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ իրականացվում է երկու ուղղություններով. մի կողմից՝ զսպում եւ պաշտպանություն, մյուս կողմից՝ երկխոսություն: