Երեկ Մեղրի-Ծիրանի ձոր ճանապարհին ՊՆ բեռնատարը դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ բախվելով ժայռին՝ շուռ եկել։ 18 զինվոր էր հոսպիտալացվել Մեղրիի հիվանդանոց։ NEWS.am–ը տեղեկացել է, որ տուժած զինծառայողներից 4-ը ստացել է սալջարդ, մեծ մասը առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, եւ նրանցից միայն մեկը հավանաբար կտեղափոխվի այլ հիվանդանոց՝ վիրահատվելու համար։

Բաղրամյանի անվան զորավարժարանում ապրիլի 1-ից սկսվել են հայ-ռուսական զորավարժություններ։ Այսօր եզրափակիչ փուլն էր՝ մարտական հրաձգությամբ։ Զորավարժություններին մասնակցել է 1500 մարդ, գործի է դրվել 400 միավոր տեխնիկա, կիրառվել են հրետանի, զրահատեխնիկա, ավիացիա եւ առաջին անգամ Հայաստանում՝ ՌԷՊ բաղադրիչներ։ Վարժանքի հիմնական առանձնահատկությունը սցենարի բացակայությունն էր, տրվել են առաջադրանքներ՝ ըստ իրավիճակի։ Հայ-ռուսական զորքերը կասեցրել են ագրեսիան եւ հակահարձակման անցել։ Արդյունքները հրամանատարները գնահատել են՝ լավ։

«Գազպրոմ Արմենիայում» քննարկում են աշխատակիցներին կրճատելու հարցը, ընկերությունն անցնում է խնայողությունների ռեժիմի, որպեսզի սահմանին թանկացած գազը սպառողներին հասնի նախկին գնով։ 2018-ի վերջին օրը Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական գազի գինը սահմանին կփոխվի, բայց ներքին սակագները կմնան նույնը։ Ավելի ուշ՝ կառավարությունը պարզաբանել էր, որ գազի գինը կայուն կմնա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։

Այսօր դատարանը մերժեց անձեռնմխելիութան հիմքով Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքը։ Երեկ էլ Վերաքննիչն էր մերժել Քոչարյանի կալանքի նոր ժամկետի դեմ բողոքը: Այս մերժումը փաստաբան Հայկ Ալումյանը գնահատեց որպես ծայրաստիճան մեծ խախտում ։ Ալումյանն ասաց՝ ստույգ տեղեկություններ ունեն, թե ովքեր են պատվիրներ իջեցնում դատավորների վրա, եւ երբ ժամանակը գա, անուն առ անուն բացահայտելու են նրանց։

Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Լիդիանի։ Այս վճռով ոստիկանությունը պարտավորվում է վերացնել ներխուժումը եւ ապահովել ընեկրության ազատ մուտքը Ամուլսարի տարածք։ Այն շրջափակման մեջ է անցյալ տարվա հունիսի 22-ից, բնապահպան ակտիվիստները թույլ չեն տալիս, որ հանքը շահագործվի՝ համարելով, որ Ամուլսարն առանց ոսկու աղետ է բնության համար։

Տրանսգենդեր Լիլիթ-Վաղարշակի ելույթից բորբոքված մի խումբ այսօր բողոքի ակցիա է արել, ցուցարաները ռադիոտնից սկսել են երթը, հասել խորհրդարան։  Ճանապարհին նամակներ են փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակին, Եվրամիության պատվիրակությանը։ Արդեն խորհրդարանի մուտքի մոտ նրանք պահանջել են տրանսդեներին հրավիրող պատգամավորի հրաժարականը, հետո թեման ընդարձակելով, խոսել աբորտի վտանգների մասին։

Ամենաազդեցիկ խոնարհումը, որ ցնցել է համազանցը։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ծնկի է եկել Հարավային Սուդանի առաջնորդների առաջ ու համբուրել նրանց ոտքերը։ Հովվապետը հանդիպման էր հրավիրել Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրին եւ չորս փոխնախագահների, որոնց մեջ էր ընդդիմության նախկին ղեկավարը, ինչպես նաեւ հոգեւոր առաջնորդների։ Հռոմի պապը ծնկի գալով հորդորել էր նրանց հանդուժողական լինել միմյանց հանդեպ եւ դադարեցնել հակամարտությունը։

Դոլարի փոխարժեքը կայուն է, այսօր կազմել է 485 դրամ, եվրոն 548 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 634, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 54 դրամ:

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս շաբաթ եւ կիրակի սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը  ցերեկը՝ +20+22: