Գերմանիայում ոստիկաններն արգելել են վարորդին երթեւեկել ոսկեգույն Porsche-ով ավտոմեքենայի չափից դուրս փայլուն լինելու պատճառով, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով Morgenpost-ին:

Պարբերականը նշում է, որ անցած շաբաթ Համբուրգում 31-ամյա վարորդին կանգնեցրել են ոստիկանները: Նրան հայտնել են, որ նրա առկայծող ոսկեգույն Porsche Panamera-ն կարող է կուրացնել մյուս վարորդներին եւ իրենից վտանգ է ներկայացնում: Նրան կարգադրել էին հեռացնել թիթեղը ավտոմեքենայից եւ կրկին գրանցել փոխադրամիջոցը: Ընդ որում՝ ոստիկանությունում հայտարարել են, որ վարորդն, այնուամենայնիվ, շարունակել էր վարել ավտոմեքենան դրա սկզբնական տեսքով:

Այնուհետեւ ոստիկաններն արդեն ավելորդ նրբանկատություն չեն ցուցաբերել եւ, կանգնեցնելով վարորդին, վերցրել են նրանից ավտոմեքենայի բանալիները, փաստաթղթերն ու վարորդական վկայականը, իսկ ավտոմեքենան տեղափոխել են ավտոտնակ: Նշվում է, որ տղամարդուն տուգանել են, եւ այժմ իր փոխադրամիջոցի օրինական կարգավիճակը վերադարձնելու համար նա, այնուամենայնիվ, պետք է հեռացնի փայլաթիթեղը: