Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության կողմից առաջարկված բարեփոխումներին: Այդ մասին «Ամերիկայի Ձայնի» հարցին ի պատասխան հայտարարել է Հիմնադրամի՝ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Նրա խոսքով, Հայաստանի կառավարության կողմից հիմնադրամին առաջարկվելու է հնգամյա ռազմավարական համագործակցության ծրագիր, որը հիմնաված է լինելու երկու հիմնասյուների վրա. Հարկային բարեփախումների ծրագիր, որը հարկերը ավելի թափանցիկ եւ գործարարների համար ավելի պարզ կդարձնի, եւ Հայաստանի տնտեսության մեջ մասնավոր հատվածի դերի եւ ներդրումների աճ:

«Եթե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ ընթանա, ապա ԱՄՀ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի այս բարեփոխումներին, որոնք կարեւորագույն հենասյուներ կդառնան ինչպես ֆիսկալ կայունության այդպես էլ Հայաստանի աճի ներուժի զարգացման համար»:

Ընդգծելով Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը հիշեցնում է բարեփոխումների շարունակական բնույթն ապահովելու անհրաժեշտությունը. «Հայաստանի համար շատ կարեւոր է շարունակել բարեփոխումները, զարգացնել կառավարումը, բարելավել բիզնես ոլորտը, պահպանել ամուր մակրոտնտեսական կայունություն: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում այս տարի տնտեսական աճը 4.6 տոկոս է կազմելու, իսկ 2020 թվականին՝ 4.5 տոկոս, որը փոքր ինչ ցածր է 2018 թվականից, սակայն, իրականում շատ դրական աճ է»: