Համատեղ պայքարի դեպքում հնարավոր է մորմազգիների ցեցի վերջը տալ Արարատյան դաշտավայրում եւ այլ վայրերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով, 2012 թվականին մորմազգիների կամ հարավամերիկյան ցեցը տարածվել է Արարատյան դաշտում, որոշ տվյալների համաձայն, նաեւ Կոտայքի մարզի ցածրադիր հատվածներում՝ ջերմոցներում:

Նշենք, որ ցեցի տարածումը էականորեն կրճատել է մորմազգիների, հատկապես լոլիկի արտադրությունը։ Այժմ պիլոտային ծրագրով գյուղատնտեսության նախարարությունը հույս ունի 70 տոկոսով մորմազգիների, հատկապես լոլիկի արտադրության արդյունավետությունը բարձրացնել։ Նախարարությունը ակնկալում է ագրարային համալսարանի գիտնականների աջակցությունը։

«Այժմ հանրապետությունում մորմազգիների ցեցի հետ կապված նույն իրավիճակն է, ինչպես տարիներ առաջ. առանձնապես գործ չի արվել։ Ես չգիտեմ, թե գյուղատնտեսւթյան նախարարն ում հետ է աշխատելու, քանի որ մասնագետներին ազատել է աշխատանքից»,-ասաց Բերբերյանը:

Ըստ նրա, գրագետ չէ մորմազգիների ցեցին անվանել լոլիկի ցեց, քանի որ դա վնասում է ոչ միայն լոլոիկին, այլեւս սմբուկին, կարտոֆիլին, պղպեղին. մորմազգի բույսերին։

Հ. Բերբերյանը հիշեց նաեւ Տիգրան Սարգսյանի ժամանակները, երբ նույնպես նախատեսվում էր պայքար մորմազգիների ցեցի դեմ, սակայն գումարներն ուղղվեցին ապահովագրությանը. «Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսություն չէր սիրում»։

Հրաչ Բերբերյանը համոզված է, որ համատեղ պայքարի դեպքում հնարավոր է ցեցի վերջը տալ. «Աշխատել է պետք, կան եւ քիմիական, եւ բիոլոգիական պայքարի միջոցներ»:

«Թող գնան աշխատել սովորեն, որ պաշտոններ են գրավում հե՞շտ է, դե գնացեք աշխատեք, էդ ձրիակերներին Նիկոլն աշխատավարձ է բաժանում»,– ասաց նա եւ հարց ուղղեց գյուղատնտեսության նախարար Գեղամ Գեւորգյանին. «Եթե մասնագետներին վերացրել ես, պարոն նախարարը, ում հետ ես աշխատելո՞ւ»։

Նշենք, որ Արարատի եւ Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիր է հաստատվել կառավարության կողմից Արմավիրի եւ Արարատի մարզերի մեկական գյուղում։ Ծրագրի արժեքը 11,102,880 դրամ է, այն իրականացվելու է 10 հա–ի վրա։