Քվեբեկում պետական ծառայողների կրոնական հագուստ կրելու արգելքի առաջարկությունը սուր բանավեճերի պատճառ է դարձել՝ հայտնում է AFP-ը։

Այդ առաջարկությունը ենթադրում է արգելել պետական ծառայողներին, ուսուցիչներին, բուժքույրերին, ավտոբուսի վարորդներին, փաստաբաններին եւ մյուսներին աշխատանքի ժամանակ կրոնական խորհրդանշաններ կրելը։ Դա վերաբերում է սիկհական չալմաներին, քրիստոնեական խաչերին եւ հրեական թասակներին, սակայն ուշադրության կենտրոնում են հայտնվել հիջաբները, որոնք շատ մուսուլման կանայք կրում են Քվեբեկում։

«Առաջարկվող օրենսդրությունը ավելի շատ վերաբերում է մուսուլմաններին, քան մյուս խմբերին, քանի որ նրանք ավելի արագ աճող կրոնական խումբ են»,- ասել է Տորոնտոյի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Նելսոն Ուայզմանը։ Մուսուլմանները կազմում են Քվեբեկի 8,3 մլն բնակիչների մոտ 3 տոկոսը։

Հազարավոր ցուցարարներ մասնակցել են Մոնրեալի վերջերս տեղի ունեցած երթին՝ որպես բողոք։

Նույնիսկ վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, թե անիմաստ է համարում, որ ազատ հասարակությունում «մենք օրինականացնում ենք քաղաքացիների խտրականությունը նրանց կրոնական պատկանելությամբ»։

Քրիստոնեական, հրեական, մուսուլմանական եւ նույնիսկ աշխարհիկ խմբերը Քվեբեկում քննադատել են այս միջոցառումը։

Այնուամենայնիվ, Մոնրեալի քաղաքապետ Վալերի Պլանտեն հայտարարել է, որ թեեւ ինքն անձամբ հանդես է գալիս օրենսդրական նախագծի դեմ, սակայն Մոնրեալը չի վիճարկի, եթե այն ընդունվի։