«Ամերիկայի ձայն»-ի իսպանական ծառայությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, մեկնաբանելով հարցը, թե ինչպես է վենեսուելական ճգնաժամն ազդել առանց այն էլ Վաշինգտոնի եւ Մոսկվայի լարված հարաբերություններին, նշել է Կրեմլի պնդումների «անհիմն» բնույթը Վենեսուելայում «Ամերիկայի ներխուժման անթույլատրելիության մասին»: «Ռուսներն ասում են, որ ամերիկացիները չպետք է ներխուժեն Վենեսուելա…Ծիծաղելի է, քանի որ նրանք արդեն իսկ ներխուժել են (այդ երկիր) հիմնավոր կերպով: Կուբացիները տնօրինում են  անվտանգության ծառայությունների ապարատը: Կարծում եմ՝ եթե դուք լինեիք Վենեսուելայի ռազմական ղեկավարը, դուք անհարմար կզգային դրանից…Վենեսուելացիները ցանկանում են ունենալ անվտանգության սեփական ուժերը: Նրանք ցանկանում են կառուցել սեփական ժողովրդավարությունը, որպեսզի երկիրը ղեկավարեն Վենեսուելայի բնակիչները, այլ ոչ ինչ-որ փոքր կղզու կամ Ռուսաստանի ներկայացուցիչները: Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել նրանց այդ պահանջն իրացնելու հարցում»,-հայտարարել է Մայք Պոմպեոն:

Ընդ որում՝ չիլիական Mega TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Պոմպեոն հայտարարել է, որ չի բացառում Վենեսուելայում ռազմական միջամտության հավանականությունը:

«Մենք կվերականգնենք ժողովրդավարությունը: Խուան Գուայդոն երկրի օրինական առաջնորդն է: Մենք նրա հետ ենք այսօր, նրա հետ կլինենք, երբ հեռանա Մադուրոն եւ դրանից հետո Վենեսուելայում վերակառուցումը սկսելու համար»,-ընդգծել է պետքարտուղարը: