Աշխարհում ամենամեծ արհեստական կորալային խութի ստեղծման աշխատանքները մեկնարկել են ԱՄԷ-ում՝ Ֆուջեյրա էմիրատի ափերի մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով The National պարբերականին:

Ավելի վաղ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել էր ԱՄԷ-ի Կլիմայի եւ շրջակա միջավայրի փոփոխության նախարարության եւ Fujairah Centre for Adventures-ի միջեւ, որը ստեղծվել էր Ֆուջեյրայի իշխանությունների կողմից 2017 թվականին էմիրատում հանգստի ակտիվ տեսակները զարգացնելու համար:

Խութի մակերեսը, որը առաջիկա 5 տարվա ընթացքում կդառնա 1.5 մլն կորալների «տունը», կկազմի 300 հազար քառակուսի մետր. դա գրեթե 60 ֆուտբոլային մարզադաշտ է:

Նախագծի նպատակն է պահպանել ծովային ֆլորան ու ֆաունան եւ շատացնել ձկնատեսակները, ինչպես նաեւ նպաստել էմիրատում զբոսաշրջության զարգացմանն ու դայվերների եւ բնության սիրահարների ներգրավմանը ԱՄԷ-ից ու այլ երկրներից, նշում են էմիրատների ԶԼՄ-ները:

Ի տարբերություն ԱՄԷ-ի մնացած էմիրատների՝ Ֆուջեյրան գտնվում է ոչ թե Պարսից, այլ ավելի խորը ջրերով Օմանի ծոցում: