Էկվադորը ծախսում էր տարեկան շուրջ մեկ մլն դոլար Լոնդոնում իր դեսպանատանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կարիքները հոգալու համար, հաղորդում է NYP-ը՝ վկայակոչելով Էկվադորի պաշտոնական դեմքերին:

Համաձայն աղբյուրի՝ ընդհանուր առմամբ Էկվադորը հատկացրել էր 6.5 մլն դոլար Ասանժին, որը թաքնվում էր դեսպանատանը 2012 թվականի օգոստոսից, սակայն հանձնվել էր Բրիտանիայի իշխանություններին եւ ձերբակալվել անցած հինգշաբթի:

Ըստ որոշ տեղեկությունների՝ 47-ամյա Ասանժը վիրավորում էր դեսպանատան աշխատակիցներին, ուտում էր ձեռքերով, հազվադեպ էր լոգանք ընդունում եւ լվանում հագուստը, նաեւ կղանքը քսում էր պատերին:

Daily Mail-ի տվյալներով՝ 6.5 միլիոնի մեծ մասը ծախսվել էր անվտանգություն ապահովելու նպատակով: Մնացած գումարն օգտագործվել էր բժշկական ծախսերի, սննդի եւ Ասանժի հագուստը լվալու համար:

Էկվադորի կառավարությունը հայտարարել է, որ Ասանժը, որին դուրս էին հանել դեսպանատնից, երբ նրա քաղաքական ապաստանը հետ էր կանչվել երկրի նախագահ Լենին Մորենոյի կողմից, վճարել էր իր ծախսերի դիմաց անցած տարվա դեկտեմբերից: