Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում ակնհայտ սառնությունն անհանգստացնում է որոշ խմբերին, որոնք խուսափում են Վաշինգտոնի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական հակամարտությունից, որը կարող է հանգեցնել նաեւ միջուկային պատերազմի, գրում է AP-ը:

Ամերիկյան եւ եվրոպական վերլուծաբանները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ներկայիս ու նախկին ռազմական սպաները նշում են, որ միջուկային գերտերությունները պետք է ավելի շատ շփվեն միմյանց հետ: Սպառազինման նկատմամբ հիմնարար վերահսկողության մասին համաձայնագրի չեղարկումը կհանգեցնի նրան, որ վերջին լուրջ սահմանափակումը ռազմավարական միջուկային զենքի նկատմամբ կարող է վերանալ շուրջ երկու տարի անց: Ի տարբերություն սառը պատերազմի տարիների, երբ սերունդներն ապրում էին միջուկային Արմագեդոնի սպառնալիքի ներքո, կողմերը գրեթե չեն խոսում միմյանց հետ:

«Սառը պատերազմի ժամանակ մենք ընդունում էինք միմյանց ազդանշանները: Մենք խոսում էինք»,-ասում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար, գեներալ Քերթիս Սքապարոտին: «Ես մտահոգված եմ, որ մենք չգիտենք նրան (ՌԴ-ին) այսօր»:

Սկապարոտին ընդամենը երկու անգամ էր հանդիպել ռուսական գլխավոր շտապի ղեկավար, գեներալ Վալերի Գերասիմովի հետ, սակայն մի քանի անգամ խոսել էր նրա հետ հեռախոսով: «Ես գտնում եմ, որ շփումը զսպման շատ կարեւոր պայման է»,-ասել է Սկապարոտին՝ նկատի ունենալով, որ հակառակորդները, որոնք գիտեն միմյանց հնարավորություններն ու մտադրությունները, պակաս հավանականությամբ  կկոնֆլիկտեն: «Ռուսաստանի հետ շփումը թույլ կտա հասկանալ միմյանց, հասկանալ՝ ինչու ենք մենք անում այն, ինչ անում ենք: Պետք է ավելի շատ շփվել Ռուսաստանի հետ»:

Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, որոնք համատեղ վերահսկում են համաշխարհային միջուկային զենքի ավելի քան 90 տոկոսը, հայտարարում են ընթացիկ տարվա օգոստոսին ՄՓՀՀՊ-ից դուրս գալու մասին:

Շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի ղեկավար, ծովային հետեւակազորի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ Ռուսաստանը մեղավոր է ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների համար:

«Մեզ դժվար է նորմալ հարաբերություններ ունենալ երկրի հետ, որը վերջին տարիների ընթացքում աննորմալ վարք է ցուցաբերում»,-ասել է Դանֆորդը: «Կան լուրջ խնդիրներ, որոնք ազդում են մեր երկկողմանի հարաբերությունների վրա. այդ խնդիրները լուծման կարիք ունեն»: Դանֆորդն ասել է, որ պարբերաբար շփվում է Գերասիմովի հետ: «Ես կարծում եմ, որ մենք սահմաններ ունենք ճգնաժամի դեպքում այն կառավարելու համար բարձրագույն ռազմական մակարդակում»:

Ռազմածովային նավատորմի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը գտնում է, որ Արեւմուտքը պետք է հակազդի Ռուսաստանին, այդ թվում՝ Ուկրաինայում եւ Սիրիայում նրա գործողությունների հետ կապված: Սակայն նա նշում է, որ համագործակցության տարբերակներ կան բազմաթիվ ուղղություններով՝ ներառյալ Արկտիկան եւ սպառազինման նկատմամբ վերահսկողությունը: «Մենք կանգնած ենք սառը պատերազմ վերադառնալու վտանքի առջեւ, որը ոչ մեկի համար ձեռնտու չէ. դրա վտանգը մեծանում է առանց պաշտպանության նախարարությունների միջեւ հաստատուն քաղաքական համագործակցության»,-ասել է նա:

Մոսկվան նշում է, որ պատրաստ է երկխոսությանը: «Ռուսաստանը շարունակում է բաց մնալ փոխազդեցությունների համար, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը, փոխադարձ վստահության վերականգնմանը, միմյանց մտադրությունների սխալ մեկնաբանությունների կանխարգելմանը եւ վտանգավոր միջադեպերի հավանականության նվազեցմանը»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նախկին սենատոր Սեմ Նանը պնդում է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը չափազանց կարեւոր է:

«Դուք չեք կարող դադար վերցնել,-ասել է նա: Միջուկային խնդիրները դեռ լուծված չեն, եւ դրանք դառնում են ավելի վտանգավոր»:

Նանը նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցի եւ պաշտպանութան նախկին նախարար Ուիլյամ Փերիի հետ համատեղ հոդված է գրել, որ ԱՄՆ-ը, նրա դաշնակիցներն ու Ռուսաստանը հայտնվել են «քաղաքական պարալիչի մեջ», որը կարող է հանգեցնել ռազմական հակամարտության եւ, հնարավոր է, միջուկային զենքի կիրառմանը:

«Անհրաժեշտ է համարձակ քաղաքական տեղաշարժ,-գրում են նրանք Wall Street Journal-ում,-Ռուսաստանի հետ համագործակցության ռազմավարական վերականգնումը սատարելու եւ այդ վտանգավոր անդունդից հեռանալու համար: Հակառակ դեպքում մեր երկրները մոտ ապագայում կհայտնվեն միջուկային հակամարտության գոտում»:

Անվտանգության հարցերով փորձագետների խումբը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպայի եւ Ռուսաստանի պաշտոնական դեմքերը փետրվարին կոչ են արել Մոսկվայի հետ բանակցություններ անցկացնել:

«Փոխադարձ անհասկացվածության վտանգն իրական է»,-ասվում է Եվրաատլանտյան անվտանգության առաջնորդների խմբի հայտարարության մեջ:

Նշվում է, որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ սովորական պատերազմի կամ, ամենավատ դեպքում, «պոտենցիալ միջուկային սպառնալիքի կամ անգամ միջուկային պատերազմի, երբ միլիոնավոր մարդիկ կարող են զոհվել հաշված րոպեների ընթացքում»: