Սուդանի Ռազմական խորհուրդը չեղարկել է հիմնական ազատությունները սահմանափակող օրենքները։ Այս մասին տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկրի տեղեկատվության նախարարությանը։

Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ այդ որոշումների թվում է գրաքննության չեղարկումը զանգվածային լրատվամիջոցների համար։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շաբաթ օրը խորհրդի անդամները հանդիպել են Սուդանի ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են «փողոցի» հիմնական պահանջները «Ազատությունների եւ փոփոխությունների հռչակագրում»։ Պատվիրակության անդամներից մեկի՝ Օմար ադ Դաքիրի խոսքով՝ ընդդիմությունը հույս ունի, որ Ռազմական խորհուրդը կկատարի իր բոլոր խոստումները, ներառյալ քաղբանտարկյալների ազատումը, արդար դատավարությունը նրանց հանդեպ, ովքեր խառն են բողոքի ցույցերի ժամանակ հոսած արյան համար, եւ կդատապարի նրանց, ովքեր հանցակից են կոռուպցիային»։

Սուդանում զանգվածային հուզումների սկսվելուց հետո երկրի իշխանությունները լրջորեն խստացրել էին գրաքննությունը զանգվածային լրատվամիջոցների հանդեպ, որոնք առանց այդ էլ աչքի չէին ընկնում ազատախոսությամբ։ Մասնավորապես, արգելվել էր գրել ցույցերի, երկրի ծանր տնտեսական իրավիճակի մասին. ցանկացած նյութ այս առիթով հանվում կամ արգելվում էր։ Ի պատասխան՝ լրագրողները որոշեցին դիմադրական քարոզարշավ սկսել մեդիայում համատարած վերահսկողության դեմ եւ հանրահավաքներ կազմակերպեցին Խարթումի մամուլի կենտրոնի շենքի առջեւ։ Առաջին նման ցույցը տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերի վերջին, դրան հաջորդեցին մյուսները, որոնք ավարտվեցին մամուլի աշխատողների զանգվածային ձերբակալություններով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։