Մի տղամարդ Սալմոն Արմ քաղաքի (Բրիտանական Կոլումբիա) եկեղեցում կրակել է մի մարդու վրա, ինչի հետեւանքով նա զոհվել է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Global News հեռուստաալիքին։

«Երիտասարդը հրացանով եկեղեցի է մտել ժամերգության ժամանակ եւ նշան բռնել մի տղամարդու, նա իմ հայրն էր, ու կրակել է»,- հեռուստաալիքը մեջբերում է զոհվածի որդու խոսքերը։

Զոհը 78-ամյա Գորդոն Փարմենթերն էր։

Փարմենթերի որդու խոսքով՝ կրակելուց հետո տղամարդը դուրս է եկել եկեղեցուց, հետո վերադարձել ու շարունակել կրակել։ «Նա կրակել է մի տղամարդու ոտքին, որը հայտնվել էր նրա ճանապարհին... Ես ու էլի մի քանի հոգի կարողացանք ոլորել նրա ձեռքերն ու վերցնել զենքը»,- հավելել է զոհվածի որդին։

Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է տեղի ունեցածն ու ավելացրել, որ տուժածը հասցվել է հիվանդանոց եւ գտնվում է կայուն վիճակում։

Զոհվածի որդու խոսքով՝ նրա հայրն ու հրաձիգը ծանոթ են եղել, վերջինը հոգեկան խնդիրներ է ունեցել, բայց հարձակման դրդապատճառը հայտնի չէ։