Նեպալի Թենցինգի եւ Հիլարիի անվան օդանավակայանում կիրակի օրը թեթեւ շարժիչով ինքնաթիռի եւ ուղղաթիռի բախման պատճառով զոհվել է երեք, վիրավորվել չորս մարդ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով 9News-ին։

Նրա տվյալներով՝ միջադեպի պատճառով, որը տեղի է ունեցել Էվերեստի նախալեռներում գտնվող ոչ մեծ օդանավակայանում, զոհվել է Summit Air մասնավոր ընկերության ինքնաթիռի օդաչուն, ինչպես նաեւ երկու ոստիկան, որոնք կանգնած էին Manang Air ընկերության ուղղաթիռի կողքին։ Հայտնի է, որ ինքնաթիռում, որն ուղեւորվում էր Կատմանդու, չորս ուղեւոր է եղել եւ ուղեկցորդուհին, նրանց վիճակին ոչինչ չի սպառնում։

Թենցինգի եւ Հիլարիի անվան օդանավակայանը (մինչ այդ՝ Լուկլա, 2008-ին վերանվանվել է Էվերեստի առաջին նվաճողների՝ Թենցինգ Նորգեյի եւ Էդմունդ Հիլարիի անուններով) գտնվում է ծովի մակերեւույթից 2860 մետր բարձրության վրա եւ համարվում է աշխարհում ամենավտանգավոր օդանավակայաններից մեկը կարճ թռիչքուղու եւ դժվարտեսանելիության պատճառով, քանի որ տեղանքը լեռնային է, եղանակը՝ խիստ փոփոխական։