«Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ են անում. նրանց օրեր առաջ հայտնել էին, երկու ամսից գործարանը փակվում է ու մի քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Ուրբաթ երեկոյան աշխատակիցներին տեղեկացրել են, որ նրանց աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը:

«Ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքարժեքը բարձր է, մենք չենք կարող պարսական ցեմենտի հետ մրցակցել»,- պարզաբանել են գործարանի տնօրինությունից: Այսօր առավոտյան աշխատակիցները հանդիպել են տնօրեն Մանուկ Առաքելյանի հետ: Աշխատակիցները ցանկանում են անձամբ Գագիկ Ծառուկյանից լսել այն մասին, որ որոշել է փակել գործարանը:

Այս պահին աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը, սակայն, մայրուղին չեն պատրաստվում փակել:

«ԱրարատՑեմենտ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Առաքելյանը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի հանդիպում կայան Գագիկ Ծառուկյանի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախորդ շաբաթ ԱԺ տնտեձսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է Հայաստանում ցեմենտ արտադրողների շահերը պաշտպանող օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում էր ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։ Նշվել է, որ այս օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով եւ զարգացնելով առկա հնարավորությունները:

Հայաստանում 2018-ին ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմում են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոննան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան ներմուծվել է: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են թե՛ արտադրության, և թե՛ ներմուծման ծավալները` համապատասխանաբար 53.1%-ով և 3.5 անգամ:

Նախագիծը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող ցեմենտի գործարանի գործունեությունը պաշտպանող նախագիծ:

Նա 2018 թվականին իր ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ ՀՀ ներկրվող էժան իրանական ցեմենտի պատճառով տեղեկան ցեմենտն իրացման լուրջ խնդիրներ ունի:

Լուսանկարները՝  Հասմիկ Դիլանյանի ֆեյսբուքյան էջից