Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երկուշաբթի ապրիլի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկօրյա խորհրդակցություններ է սկսել Կնեսեթ անցած 11 կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Խորհրդակցությունների արդյունքներով՝ նա կհայտնի այն քաղաքական գործչի անունը, որին կհանձնարարվի ապագա կառավարական կոալիցիայի ձեւավորումը, հաղորդում է Kan-ը:

Ռիվլինի գրասենյակից նշել են, որ ավանդույթի համաձայն նախագահը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ կլսի նրանց առաջարկները, իսկ խորհրդակցությունների ավարտին բոլոր կողմերի հետ կհայտնի Կնեսեթի պատգամավորի անունը, որին կհանձնարարի կառավարության ձեւավորումը:

«Ըստ «Կառավարության. հիմնական օրենքի» այդ պատգամավորը 28 օր կունենա Իսրայելի համար նոր կառավարություն ձեւավորելու համար: Անհրաժեշտության դեպքում նախագահը կարող է [կոալիցիայի ձեւավորման] համար  լրացուցիչ մինչեւ 14 օր հատկացնել», - հավելել են նախագահի գրասենյակից:

Երկուշաբթի Ռիվլինը Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության, ինչպես նաեւ  Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի «Կախոլ-Լավան» ցենտրիստական դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ կանցկացնի, որոնք 21-րդ գումարման Կնեսեթում 36 եւ 35 մանդատ են ստացել համապատասխանաբար:

Նույն օրը նախագահը  «ՇԱՍ» կրոնական կուսակցությունների եւ «Յախադուտ խա-Տորա», «Խադաշ-Տաալ» իսրայելաբնակ արաբների կուսակցությունների ներկայացուցիների հետ խորհրդակցություններ կանցկացնի:

Երեքշաբթի նախագահը կընդունի ձախ «Ավոդա», «Մեր տունն Իսրայելն է» ռուսալեզու իսրայելցիների կուսակցությունների ներկայացուցիչներին՝ նախկին պաշտպանության   նախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորությամբ, «Աջ կուսակցության միություն» դաշինքի, ուլտրաձախ «Մերեց», «Կուլանու» ցենտրիստական կուսակցության եւ իսրայելաբնակ արաբների եւս մեկ կուսակցության՝ «ՌԱԱՄ-Բալադ»-ի ներկայացուցիչներին:

Որպես վարչապետի թեկնածու նախագահը սովորաբար ընտրում է ամենամեծ թվով մանդատ ստացած կուսակցության առաջնորդին, սակայն նա կարող է նաեւ ընտրել քաղաքական գործչի, որի կուսակցությունը չի ստացել ձայների մեծամասնությունը, բայց որն ի վիճակի է ձեւավորել 120 պատգամավորներից 61-ի աջակցությունը վայելող կոալիցիա: Սպասվում է, որ Ռիվլինը կոալիցիայի ձեւավորումը կհանձնարարի Նեթանյահուի գրասենյակին եւ նա արագ ստեղծելով աջ կոալիցիա, կգլխավորի իր՝ 2009-ից անընդմեջ չորրորդ եւ իր կարիերայի 5-րդ կառավարությունը:

Վարչապետը դեռ ընտրությունների հաջորդ օրը հայտնել էր, որ սկսել է Կնեսեթ անցած աջ կուսակցությունների հետ կոալիցիայի ձեւավորման համար բանակցությունները: