2019 թվականի ապրիլի 15-16-ը երկօրյա այցով Հայաստանում է Իտալիայի Հանրապետության դատավորներից եւ Արդարադատության նախարարության պաշտոնյաններից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակներում՝ Բարձրագույն դատական խորհրդի եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման եւ զարգացման նպատակով:

Բարձրագույն դատական խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ Խորհրդի անդամների, ՀՀ արդարադատության նախարարի եւ նախարարության այլ պաշտոնյանների, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, քրեական պալատի նախագահի եւ դատավորների, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի եւ դատավորների, Արդարադատության ակադեմիայի ռեկտորի եւ պրոռեկտորի, Երեւանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: