Ես խոսել եմ Գագիկ Ծառուկյանի հետ, նա մոտ օրերս հանդիպման կգա, հիմա քաղաքում չի: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, «Արարատցեմենտ» գործարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մուլտի կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը:

«Գործարանը կառավարվում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից: Բազմիցս պարոն Ծառուկյանը եկել-հանդիպել է, բայց դա մարդասիրական առում է եղել, պարտականությունները տրված են ինձ:

Արդեն երկու տարի է՝ ներկրվում է եւ ցեմենտ, եւ կլինկեր (ցեմենտի կիսաֆաբրիկատ): Միայն 2018-ին 180 հազար տոննայից ավելի ցեմենտ մտել է Հայաստան, հիմա արդեն կլինկեր է գալիս, որը անհամեմատ էժան է: Որպես բիզնես նայելով, տեսնում ենք, որ մեր գործարանն օր-օրի քանդվում է, եւ եթե կառավարության որոշումն այնպիսին է, որ պետական տուրքը լինելու է միայն ներկրվող ցեմենտի վրա, իսկ կլինկերի վրա չի լինելու, ավելի լավ է՝ մենք էլ կլինկեր բերենք եւ շուկան ապահովենք»,-ասաց Առուստամյանը:

Նրա խոսքով, կլինկերը համարյա ցեմենտ է եւ եթե գործարանը սկսի կլինկերը ներմուծել, ոչ թե արտադրել, հարյուրավոր քաղաքացիներ այլեւս կարիք չկա, որ աշխատեն գործարանում:

Աշխատակիցների հարցին, թե հիմա իրենք ի՞նչ պետք է անեն, կոնցեռնի ղեկավարն ուսերը թոթվեց ու ասաց. «Մարդկային առումով ճիշտ եք, բայց ես իմ աշխատանքն եմ կատարում, սա բիզնես է:

Հիմա գործարանը վնասով է աշխատում, ինչքա՞ն պետք է այդպես աշխատի: Նոր մարդ էլ գա, նույն վիճակն է լինելու: Մենք կողմ չենք կլինկեր բերելուն, բայց քանի որ բոլորը բերում են, էժան է ստացվում, մենք էլ կբերենք: Էս ձեւով շարունակվելու դեպքում՝ մի 6 ամիս հետո գործարանն ընդհանրապես քանդվելու է»,-հայտարարեց Առուստամյանը՝ հավելելով, որ կլինկերն Իրանում վաճառվում է 9-13 դոլարով:

Նա տեղեկացրեց, որ նախապես կառավարության հետ համաձայնություն է եղել, որ լրացուցիչ տուրգ պետք է սահմանվի ոչ միայն ներկրվող ցեմենտի վրա, այլեւ կլինկերի վրա, սակայն ԱԺ տնտեսականհարցերի հանձնաժողովում որոշվեց, որ կլինկերի վրա 22 հազար դրամի տուրքը չի տարածվելու. «Նաեւ որոշվեց, որ այդ տուրքը գործելու է մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը, այսինքն մեկ տարի հետո կանգնելու ենք նույն խնդրի առջեւ: Պետք է կլինկերն էլ տուրքի տակ մտնի, որ կարողանանք մրցակցել»:

Գործարանի աշխատակիցները հայտարարեցին. «Եթե ասում եք, որ որպես բիզնես մինուսով եք աշխատում, վաճառեք ձեր գործարանը, թող ուրիշը գա աշխատի: Դուք ուղղորդում եք, որ գնանք կառավարության դիմաց ցույց անենք: Դուք գերշահույթ եք ստացել, մեզ էշի տեղ եք դրել: Դեռ կոնկրետ որոշում չկա, միայն քննարկում է եղել ԱԺ հանձնաժողովում, իսկ դուք արդեն մեզ հանում եք աշխատանքից»:

Ի պատասխան «Մուլտի գրուպ»-ի տնօրենն ասաց. «Մենք այդպիսի նպատակ չունենք, որ ինչ-որ մեկը գնա կառավարության դիմաց բողոքի: Այդպիսի նպատակ մեր կողմից չի եղել: Ես ինքս այս հարցով չեմ դիմել պատգամավորներին»:

Առաջարկին՝ հետ վերցնել աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին ծանուցագրերը, Առուստամյանն ասաց, որ այդ որոշումը կայացրել է խորհուրդը, պետք է նորից հավաքվեն եւ նորից հարցը քննարկեն, սպասում են Ծառուկյանի վերադարձին:

Դիտարկմանը, թե որակն ընկել է, մրցունակ չի, հնչեց առարկություն, որ ցեմենտ վաճառող խանութի աշխատողն իրանական ցեմենտից ավելի շատ օգուտ ունի, դրա համար գովում է:

«Հիմա կամեռաների առջեւ ասում եք՝ ցեմենտն անորակ է, որ վաղը պակաս վաճառվեց, գալու եք ասեոլւ եք՝ աշխատավարձը տուր, չէ՞»,-ասաց Առուստամյանը՝ հավելելով, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ են սկսել, քանի որ նրանց հայտնել են, որ երկու ամսից՝ հունիսի 15-ից, գործարանը փակվում է ու շուրջ  հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու:

«Ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքարժեքը բարձր է, մենք չենք կարող պարսական ցեմենտի հետ մրցակցել»,- պարզաբանել են գործարանի տնօրինությունից: Աշխատակիցները ցանկանում են անձամբ Գագիկ Ծառուկյանից լսել այն մասին, որ որոշել է փակել գործարանը, սակայն ԲՀԿ առաջնորդը դեռ եկել ու հանդիպել աշխատակիցների հետ:

Նշենք, որ նախորդ շաբաթ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է Հայաստանում ցեմենտ արտադրողների շահերը պաշտպանող օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում էր ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։ Նախագիծը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող ցեմենտի գործարանի գործունեությունը պաշտպանող նախագիծ: Նա 2018 թվականին իր ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ ՀՀ ներկրվող էժան իրանական ցեմենտի պատճառով տեղեկան ցեմենտն իրացման լուրջ խնդիրներ ունի: