Մենք պետք է գնահատենք, թե ինչքան է պետք Ագրարային համալսարանի ծրագրերի իրականացման համար եւ հստակ ժամանակացույցով իրականացնենք, ոչ թե գնանք, բարերարներին խնդրենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով համալսարանի  ռեկտոր Վարդան Ուռուտյանի առաջարկին՝ բարերարների օգնությամբ վերազինել համալսարանի ենթակառուցվածքները։

Ռեկտորը, մասնավորապես, ասաց. «Համալսարանում ներդնելու ենք ոչ ավանդական ֆոնդագոյացման մեխանիզմներ։ Ֆրեզնոյում կա մի ֆոնդ՝ Հայկական ագրոբիզնեսի կրթության ֆոնդը, որի հետ բանակցում ենք, որ ենթահաշիվ ունենանք։ Սա հարկերից ազատված ֆոնդ է, բոլոր նվիրատվությունները հարկերից ազատվում են Սփյուռքի բարերարների համար, իսկ այդ միջոցներն ուղղելու ենք համալսարանի զարգացմանը։ Կանոնավոր աշխատանք ենք տանում բարերարների հետ, քանի որ մեր բոլոր ենթակառուցվածքները վերազինելու համար բավականաչափ մեծ գումար է պետք»։

Ի պատասխան Փաշինյանը հարցրեց՝ արդյոք ունեն հաշվարկներ, թե ինչքան է անհրաժեշտ համալսարանի ծրագրերի իրականացման համար. «Ունե՞ք հաշվարկ ձեր ծրագրի բյուջեն ինչքան է։ Նկատի ունեմ՝ գուցե մենք պետք է տրամաբանությունը փոխենք։ Մենք համոզվա՞ծ ենք, որ չենք կարող մեր բյուջեի միջոցներից ունենալ ռազմավարություն, նախագիծ–նախահաշիվ եւ իրականացնենք, իհարկե՝ ով ուզում է օգնի, թող օգնի, բան չեմ ասում։ Բայց տպավորություն է, թե մենք ինչ ուզում ենք անել, գնում ենք բարերարներին ասում ենք՝ մի բան տվեք։ Մենք համոզված ենք, որ չեն կարող հստակ ռազմավարություն ունենալ եւ մեր բյուջեի եկամուտների աճին զուգընթաց հատկացնենք»։

Փաշինյանի համոզմամբ՝ բարերարներին գնալն ու խնդրելը պետական տրամաբանության մեջ չէ.  «Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ մենք փողի խնդիր չունենք, անցած տարի եւ հնարավոր է այս տարի բյուջեի ծախսային մասը կատարելու խնդիր ունենք։ Մենք պետք է գնահատենք ինչքան է պետք Ագրարային համալսարանին, ինչ ժամանակացույցով, ինչի գնանք բարերարների մոտ, ասենք՝ վայ մեզ մի հատ համակարգիչ կտաք, վայ մի հատ աթոռ կտաք»։